Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Հայրենիքում բոլորս գնահատված ենք. Հելեն Ազարյանը սիրիահայ կանանց խորհուրդ է տալիս հայացքը չուղղել այլ երկրներ

Հայրենիքում բոլորս գնահատված ենք. Հելեն Ազարյանը սիրիահայ կանանց խորհուրդ է 
տալիս հայացքը չուղղել այլ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք չպետք է նորից հայացքն ուղղեն այլ երկրներ: Նրանք կարող են աջակցություն զգալ և հաջողության հասնել հայրենիքում: Այս հորդորն է նրանց հղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչ Քուվեյթի կլինիկա հասած, սեփական բժշկական կենտրոնը հիմնած և հայրենիքում հաջողության հասած քուվեյթահայ գործարար Հելեն Ազարյանը, ով «Կանանց մտերմիկ զրույց» խորագրով հանդիպմանը հաջողակ պատմությամբ կիսվեց և իր փորձառությունը փոխանցեց սիրիահայ կանանց: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաջողակ կնոջ պատմությունը:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Պոլիտեխնիկական համալսարանի ապագա բժիշկը

Սովորել եմ Հայաստանի ազգային պոլիտեխտնիկական համալսարանում, սակայն հայացքս միշտ եղել է դեպի բժշկություն: Ավարտելուց հետո այդ ոլորտում ինձ համար ամենամատչելին «Հայբուսակ» համալսարանն էր: Ընդունվեցի այնտեղ, ավարտեցի՝ ստանալով կոսմետոլոգ-բժիշկ մասնագիտությունը: 1993-ին ամուսնացա, և ամուսնուս հետ մեկնեցինք Քուվեյթ:

Քուվեյթցիներին հերթում պահող հայը

Քուվեյթում, որտեղ ես աշխատում էի, ինձ սենյակ էին հատկացրել նկուղային հարկում, իսկ նույն շենքի 3-րդ հարկում աշխատում էր Քուվեյթի ամենաճանաչված դերմատոլոգը: Մի անգամ նա մոտեցել է շենքի պատասխանատուին և ասել, որ քուվեյթցիները հերթ կանգնել չեն սիրում: Հետաքրքրվել, թե ով է ներքևում աշխատողը, ում համար այդքան հերթ են կանգնում:  Պատասխանատուն ասել է՝ Հայաստանից եկած հայ է:

«Ոսկե» մատներով կինը

Այցելուների հոսքն ավելանում էր: Մի անգամ լրագրող մոտեցավ ինձ և խնդրեց հարցազրույց անցկացնել: Սակայն, քանի որ շատ զբաղված էի, խնդրեցի, որ իմ աշխատանքի վերաբերյալ հարցերն ուղղի դռան մոտ սպասող այցելուներիս: Հանդիպել էր այն կնոջն, ում ես ծանր վիճակից դուրս էին բերել: Նա ինձ ներկայացրել էր հետևյալ կերպ՝ «ոսկե» մատներով կին: Արտահայտությունը տարածվել էր Քուվեյթում:

Վերադարձ հայրենիք

Երբ աշխատեցի Քուվեյթում, հասկացա՝ որպես դերմատոլոգ-վեներոլոգ վերապատրաստվելու կարիք ունեմ: Հետ վերադառնալով հայրենիք՝ շարունակեցի ուսումս: Սակայն իմ բնավորության համաձայն՝ ես պետք է զբաղվեի մի քանի գործով: Սովորելուս տարիներին առաջացավ միտքը՝ ստեղծել «Հելիոս» բժշկական կենտրոնը, որում ինձ շատ օգնեց ամուսինս: «Հելիոս»-ը Հելենի լատիներեն տարբերակն է:

Առողջությունը և գեղեցկությունը պետք է քայլեն զուգահեռ

Քուվեյթում «Հելիոս»-ը ճանաչում և վստահում են որպես հայերի կենտրոն: Այն արդեն 23-րդ տարին էր, ինչ հիմնել էի Քուվեյթում, երբ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող կենտրոն ստեղծեցի նաև Երևանում: Հայաստանում «Հելիոս»-ի առաջին մասնաշենքը հիմնադրվեց 2007-ին, 2010-ին՝ երկրորդը, 2016-ին՝ երրորդը: Սկզբում ստեղծվեց լաբորատորիան, որը զբաղվում է էսթետիկ բժշկությամբ և դերմատոլոգիայով, հետո մեզ միացան գինեկոլոգ, նևրոպաթոլոգ, աղիների և այլ նեղ մասնագետներ, որոնք անհրաժեշտ են արտաքին տեսքը առողջ և գեղեցիկ պահելու համար: Ես միշտ հավատացել եմ՝ չի կարող լինել առողջ մաշկ, առանց առողջ օրգանիզմի՝ առողջությունը և գեղեցկությունը պետք է քայլեն զուգահեռ: Հետո ստեղծվեց ոտնաթաթերի խնդիրներով զբաղվող կենտրոնը, այնուհետև՝ ստերիլիզացիոն համակարգով գործող եղունգների խնամքի կենտրոնը: Մատուցվող բոլոր ծառայությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Արևելքի հայ կանայք 

Կենտրոնը հիմնելուց հետո հստակ հասկացել եմ, թե ինչ եմ ուզում, այն ինձ ինքնավստահություն է տվել: Ուզում եմ՝ իմ շրջապատի բոլոր կանայք լինեն այդպիսին: Սիրիահայ կանայք չպետք է դրսում փնտրեն այն, ինչ Հայաստանում իսկապես կարող են գտնել: Արևելքի կանայք անցել են դառը և դժվար ճանապարհ: Այս հավաքը նրանց ինչ-որ կերպ սփոփելու հնարավորություն է, ցույց տալու, որ նրանք միայնակ չեն: Կլինի սիրիահայ, պարսկահայ կամ մեկ այլ տեղից եկած հայ, հայրենիքում բոլորս գնահատված ենք:

Արդեն 18 տարի Հայաստանում ապրող սիրիահայ Ալին Սարյանի կարծիքով՝ նման հաջողակ պատմությունն իսկապես ոգեշնչող է իր և մյուս սիրիահայ կանանց համար: «Եթե մեկը հաջողության է հասել, ինքդ քեզ հարցնում ես՝ ինչու ոչ ես, ես նույնպես կարող եմ: Հելենը երազեց և հասավ դրան իր աշխատասիրության և հավատքի շնորհիվ: Ես, Հելենը և շատ այլ սիրիահայեր, ովքեր մեր սեփական կամքով և սիրով ենք եկել Հայաստան, ուզում ենք մեր որոշումը ամրապնդվի հաջողությամբ»,-ասաց սիրիահայ կինը:

Հանդիպմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Շուշանիկ Գասպարյանը ևս հույս հայտնեց, որ հաջողակ կինն իր պատմությամբ կոգեշնչի այլ սփյուռքահայերի՝ գործունեություն ծավալել հայրենիքում, քանի որ Հայաստանը ողջ հայության սիրտն է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ