Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կին» միջազգային կինոփառատոնին 60 բազմաբովանդակ ֆիլմ կցուցադրվի

«Կին» միջազգային կինոփառատոնին 60 բազմաբովանդակ ֆիլմ կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կին» միջազգային կինոփառատոնը 14-րդ անգամ  մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատոնին կներկայացվի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանի հետ:

«Ունենք մասնակիցներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իսրայելից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեքսիկայից, Իրաքից և այլ երկրներից: Մրցութային ծրագրում Հայաստանը կներկայացնեն կինոռեժիսորներ  Անժելա Ֆրանգյանը, Մանե Բաղդասարյանը, Քրիստինա Ղազարյանը»,-ասաց Օհանյանը:

Նրա խոսքով` կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց հուզող խնդիրներին, հասարակության մեջ իրենց դերին, սակայն շոշափում են նաև պատերազմին վերաբերող հարցեր:

Փառատոնի ստեղծման նպատակը ստեղծագործող կնոջ դերը վերաիմաստավորելն է: Այն նպաստում է նաև տարբեր մշակույթների փոխընկալմանը:

«Կարծում եմ` փառատոնը ծառայել է իր նպատակին, քանի որ ընդլայնել է  աշխարհագրությունը, մեծացել է այն կանաց թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, առհասարակ շատացել են կին ռեժիսորները: Նրանք հնչեցնում են իրենց ձայնը, և հասարակությունը ընդունում է գործունյա, ստեղծագործող կանանց, լսում նրանց:

Մի քանի տարի առաջ շատերը զարմանում էին, որ կինը կարող է ռեժիսոր լինել, հիմա այդպես չէ»,-շեշտեց փառատոնի տնօրենը:

Փառատոնն ունի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հյուրերի ծրագիր, հետահայաց ցուցադրություն` նվիրված  իրանահայ դերասանուհի  Լորիկ Մինասյանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու, կանադական «Կանացի հայացք»  փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր:  Դրանք են` «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժիսորներ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժիսոր Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա, Հայաստան),  «Քամին փչում է» (ռեժիսոր Արմինե Անդա, Հայաստան),  «Մեղեդի ստեղծողները» (ռեժիսոր Լեսլի-Անն Կոլս, Կանադա),  «Քամու հպումը» (ռեժիսոր Օլգա Վերմեևա, Ռուսաստան):

Փառատոնին կանցկացվեն վարպետության դասեր, կլինեն կլոր սեղան քննարկումներ:

Մարիամ Օհանյանն ասաց, որ փառատոնի ավարտին կշնորհվի լավագույն ֆիլմ մրցանակը, հատուկ մրցանակ, դիպլոմներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը, որը տրվում է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից:

Փառատոնի ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են Հայաստանից և արտերկրից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]