Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մոլդովայի նախագահը շրջեց Թումո կենտրոնում, խաղաց հակակոռուպցիոն խաղն ու լուսանկարվեց PicsArt-ի աշխատակցի հետ

Մոլդովայի նախագահը շրջեց Թումո կենտրոնում, խաղաց հակակոռուպցիոն խաղն ու 
լուսանկարվեց PicsArt-ի աշխատակցի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնն իր տիկնոջ հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահ Դոդոնը ծանոթացավ կենտրոնի կրթական ծրագրերին, շրջեց դասասենյակներով, նաև չմերժեց ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ը տեսնելու առաջարկը, որը ևս տեղակայված է Թումո կենտրոնում: Իրեն լուսանկարող PicsArt-ի աշխատակցին նախ ձեռքով արեց, ապա առաջարկեց միասին նկարվել: «Մենք Մոլդովայի նախագահին ծանոթացրինք կենտրոնի թե ծրագրային մասի հետ, թե կահավորմանը: Խոսեցինք մեր կողմից կիրառվող կրթական մոդելների, ներկայում իրականացվող, ինչպես նաև ապագայի ծրագրերի մասին: Ընդհուպ ցույց տվեցինք մեր շինարարական հարթակները Գյումրիում և Կողբում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ` հյուրին հետաքրքրում էր, թե ինչպես է ստեղծվել կենտրոնը, ֆինանսական ինչ ներդրումներ են կատարվել, պետությունն ինչ մասնակցություն է ունեցել:

Թումոցիների կողմից և Եվրամիության ֆինանսավորմամբ պատրաստված «Tales of Neto» հակակոռուպցիոն խաղը ևս հետաքրքրեց նախագահ Դոդոնին: Արամ Գյումիշյանի խոսքով` «նախագահը հավանեց խաղն ու գտավ կոռուպցիոների»: Այս խաղի նպատակն է ցույց տալ կոռուպցիայի վատ հետևանքներն ու կրթել մարդկանց` հրաժարվելու սխալ վարքագծից: «Կոռուպցիայի դեմ պայքարի 50 տոկոսը գրագետ մարդն է, որի ձևավորմանն է ուղղված այս խաղը»,-ասաց Արամ Գյումիշյանը: Խաղը ինտերնետ մարկետներում կհայտնվի դեկտեմբերի 9-ին:

Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում տեղակայված Թումո կենտրոններում սովորում է շուրջ 11 հազար ուսանող, կան նաև մեծ թվով հերթագրվածներ: Կողբ գյուղի Թումո կենտրոնում նախատեսվում է ընդունել 1000 երեխայի:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում Մոլդովայի նախագահն արդեն հանդիպում է ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահի հետ, նախատեսված է հանդիպում նաև վարչապետի հետ: Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]