Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսը չի հետաքննի օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածության հարցը

Թուրքիայի մեջլիսը չի հետաքննի օֆշորային սկանդալում վարչապետի որդիների ներգրավվածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից դեմ քվեարկելու պատճառով:

Ուշագրավ է, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ Paradise Papers-ի բացահայտած օֆշորային սկանդալում Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ հետաքննություն սկսելու հարցով իրենք ևս նոյեմբերի 9-ին պատրաստվում են առաջարկ ներկայացնել մեջլիս:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել են Paradise Papers-ի օֆշորային սկանդալում:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]