Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալեքսանդր Ցինկերն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ վիզայի ռեժիմի չեղարկմանն ուղղված աշխատանքը

Ալեքսանդր Ցինկերն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ վիզայի 
ռեժիմի չեղարկմանն ուղղված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել շատ կարեւոր քայլ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփելով նոյեմբերի 6-7-ը կայացած այցի արդյունքները՝ նման կարծիք հայտնեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր, վերլուծաբան Ալեքսանդր Ցինկերը:

«Նախեւառաջ, կցանկանայի նշել մեր երկու երկրների միջեւ դինամիկ զարգացման գործընթացը, ինչի ապացույցը Իսրայելի վարչապետի հրավերն էր: Այս տարին հատկանշական էր նրանով, որ  մի շարք հանդիպումներ տեղի ունեցան, սկզբում միջխորհրդարանական խմբերի միջեւ,  ապա հասարակական ֆորումի երկրորդ նիստի շրջանակում,  Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն այցելեց Հայաստան, եւ այս հանդիպումների շարունակությունը հենց այդ հրավերն էր, որի շրջանակում անձամբ մի շարք հարցերի մասին խոսելու հնարավորություն ստեղծվեց: Ես կանվանեի այս հանդիպումը՝ ապագային ուղղված, քանի որ եւ մենք ունեինք մի շարք հարցեր, եւ Հայաստանը: Շատ լավ նշան էր այն, որ միմյանց հետաքրքրող մի շարք հարցերից հետո, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների  ղեկավարներն ունեցան առանձնազրույց: Դա փակ հանդիպում էր, սակայն շատ հնարավոր է, որ այդ ընթացքում բաց կերպով քննարկված լինեին կուտակված այլ հարցեր եւ առավելագույնս տրված լինեին դրանց պատասխանները»,-ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերի դիտարկմամբ՝ հաջորդ քայլը կապված է տեղեկատվական դաշտի, այսինքն՝ ԶԼՄ-ների եւ երկրների՝ համապատասխան ոլորտների գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման հետ:

«Կարծում եմ՝ պետք է երկու երկրներում ստեղծել տեղեկատվական կենտրոններ, որ  մարդիկ,  գործարարները լավ ճանաչեն միմյանց:  Այս առումով Հայաստանում Իսրայելի մասին իրազեկվածությունը հարաբերականորեն ավելի մեծ է, քան հայերի մասին՝ Իսրայելում,  որտեղ, կարելի է ասել, որոշակի տեղեկատվական պակաս կա: Պետք է  այնպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի թե համագործակցության, թե ներդրումների, թե զբոսաշրջիկների համար»,-ընդգծեց Կնեսետի նախկին պատգամավորը:

Անդրադառնալով երկու երկրներում դեսպանատների բացման հարցին՝ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ ներկայիս քայլերը ուղղված են հենց դրան, այսինքն՝ հիմք են նախապատրաստում  համագործակցությունը հաջորդ փուլ տեղափոխելու համար:

«Մենք ԱՊՀ երկրների հետ աշխատանքի որոշակի փորձ ունենք, սկզբում  իսկապես քիչ դեսպանատներ ունեինք, բայց հետո, երբ սկսեցինք ավելի ակտիվ համագործակցել այդ երկրների հետ,  ուղեւորահոսքը աճեց, հասկանալի դարձավ, որ պետք է  բացվեն դեսպանատներ: Դա  միայն քաղաքական հարց չէ, այլեւ տնտեսական է, քանի որ ամեն նախարարություն, այս դեպքում մասնավորապես՝  արտգործնախարարությունը,  ունի հստակ բյուջե, եւ այդ բյուջեի սահմաններում է հնարավոր  թույլ տալ հստակ   քանակով դեսպանությունների բացում:  Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Իսրայելի բյուջեի կրճատման պատճառով հարց էր ծագել՝ կապված որոշ դեսպանատների փակման հետ, մասնավորապես՝   Բելառուսի: Մենք շատ  կապեր ունեինք այդ երկրի հետ, այդ իսկ պատճառով պայքարեցինք, որ այն չփակվի: Հիմա այսօր եթե Հայաստանի եւ Իսրայելի  միջեւ ավիափոխադրումների ծավալը մեծանա, նոր բիզնեսներ, ձեռնարկատիրություններ բացվեն,  ներդրումներ լինեն, ապա այս աշխատանքը սատարելու համար, իհարկե,  անհրաժեշտ կլինի դեսպանատների բացումը, ինչին դեռ պետք է հասնել: Կարծում եմ՝ հաջորդ քայլով պետք է նախեւառաջ աշխատել վիզայի ռեժիմի չեղարկման ուղղությամբ»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը եւ հավելեց, որ գալիք տարվա համագործակցության տեմպից կախված կլինի այս հարցի շուտափույթ կարգավորումը:

 

Սյուզի Մուրադյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]