1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դրված է մեծ աշխատանքի սկիզբը. Արտաշես Գեղամյան

Դրված է մեծ աշխատանքի սկիզբը. Արտաշես Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԽՀ)՝ անցած շաբաթ, նոյեմբերի 2-ին, կայացած նիստը հոբելյանական էր. արդեն 30-րդ անգամ հայ և ռուսաստանցի խորհրդարանականները հավաքվել էին քննարկելու հաշվետու ժամանակաշրջանում կատարածը և թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը։

Ի պատասխան «Արմենպրեսի» թղթակցի հարցերի՝ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ պարզաբանեց որոշ խնդիրներ, որոնք քննարկվել են նիստի ընթացքում։

Թղթ. – Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է ՌԴ Դաշնային Ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը տարբերվել նախորդ 29 նիստերից, և առհասարակ՝ որևէ բանով արդյո՞ք այն տարբերվում էր։

Ա.Գ. – Այդ հարցին պատասխանելու համար բավական է ընթերցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի երեսուներորդ նիստում ընդունված 2017թ. նոյեմբերի 2-ի համատեղ Արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)։ Այս փաստաթղթում, ըստ էության, առաջին անգամ հստակ նշվում են այն չօգտագործված հնարավորությունները, որոնց իրագործման պարագայում Հայաստան – Ռուսաստան համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի, ինչպես նաև նշվում են այն աղբյուրները, որոնք գործարկելով մենք կկարողանանք իրականացնել լուրջ համատեղ հայ-ռուսաստանյան ներդրումային նախագծեր։

Մասնավորապես, ռուսաստանյան կողմն Արձանագրության իր տարբերակում հիշատակել է ռուսաստանյան կապիտալով աշխատող այն ձեռնարկությունները, որոնք վերջին տարիներին հասել են լուրջ հաջողությունների. դրանք են՝ «Գազպրոմ Արմենիա», «Բիլայն», «Ռուսալ», Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունները։ Ինչպես նշվել է Արձանագրության նախագծում, 2017թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում ներդրվել է 5 մլն 500 հազար դոլար, ինչը, բնականաբար, կարելի է միայն ողջունել։ Բայց միևնույն ժամանակ գոյություն ունեն չօգտագործված ռեզերվներ, որոնց առկայության մասին բարձրաձայնելու հնարավորությունն էլ, թերևս, մեզ ընձեռվեց։

Մինչ նիստի սկսվելը ես մանրազնին ուսումնասիրել էի Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության ինչպես 2016թ., այնպես էլ 2017թ. առաջին կիսամյակի ծրագրերը։ Բնականաբար, օգտագործվել են միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնային վիճակագրական ծառայության տեղեկագրերը։ Դրանք համադրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների հետ՝ բավական հետաքրքիր պատկեր բացվեց։

Այսպես, եթե 2015թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան զուտ ներդրումային հոսքերը կազմել են 27 մլրդ 733,3 մլն դրամ (կամ դոլարով արտահայտված՝ $58,03 մլն), որոնցից ուղղակի ներդրումները կազմել են 35 մլրդ 983,3 մլն դրամ (կամ $75,29 մլն), ապա 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան զուտ ներդրումային հոսքերը կազմել են (մինուս) - 52 մլրդ 10,2 մլն դրամ (կամ դոլարով արտահայտված՝ (մինուս) - $108,08 մլն), այդ թվում ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) – 26 մլրդ 290,5 մլն դրամ [կամ (մինուս) - $55 մլն]։

Թղթ. – Այսինքն՝ այդքանով կրճատվե՞լ են ներդրումները։

Ա.Գ. Դա նշանակում է, որ նախորդ ներդրումներից ռուսաստանյան ընկերությունները որոշակի եկամուտներ են ստացել, և դրանք հանել են ներդրումային շրջափուլից, ու դրանց գոնե մի մասը չեն ներդրել ռուսաստանյան կապիտալ ունեցող ձեռնարկությունների զարգացման ծրագրերում։ Այսինքն՝ չեն ընդլայնել իրենց բիզնեսը, նոր ներդրումներ չեն արել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, այլ մինչ այդ արտադրությունում արված ներդրումներից գոյացած շահույթը լրիվ դուրս են բերել մեր երկրից։ Միայն 2016թ. Հայաստանից Ռուսաստան կապիտալի արտահոսքը կազմել է 108 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) – $55 մլն։

Այս ամենն Արձանագրությունում ամրագրվել է որպես չօգտագործված ռեսուրս և ռեզերվ։ Ավելին՝ ամրագրված այս փաստը հայկական կողմի վրա պարտավորություն է դնում՝ ռուսաստանյան կողմին ներկայացնել այն ձեռնարկությունների, ճյուղերի, ոլորտների ցանկը, որոնցում մեկ-երկու կամ երեք տարվա ընթացքում ներդրումներ կատարելով ռուսաստանյան կողմը կկարողանա, նախ՝ վերադարձնել արտադրության զարգացման համար արված ներդրումները, ֆինանսական միջոցները, իսկ հետո, ինչպես և անցած տարիներին, օգտագործել գոյացած շահույթը սեփական հայեցողությամբ։

Կարող եմ ասել, որ ՄԽՀ ներկա՝ 30-րդ նիստն աննախադեպ էր. Միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում նույնպես քննարկվել են հույժ լրջագույն հարցեր, բայց նման սուբստանտիվ, թվային տվյալներով, փաստերով հիմնավորված Արձանագրություն ցայժմ դեռ չէր կազմվել։ Ի դեպ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ ընթերցողների դատին ներկայացնել Արձանագրության լրիվ տեքստը.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի

երեսուներորդ նիստի 

 

ք.Երևան                                                                                                                                                       2 նոյեմբերի 2017թ.

 

Նախագահեցին.

Ն.Ի.                             Ն.Ի. Ռիժկով   Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան մասի համանախագահ

 

Ա.                                Ա.Մ. Գեղամյան         Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ

 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (ասուհետ՝ Միջխորհրդարանական հանձնաժողով) աշխատանքին մասնակցեցին Միջխորհրդարանական հանձնաժողովի  ռուսաստանյան և հայկական մասերի անդամները, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Ս. Բաբլոյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Ի.Կ. Վոլինկինը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վ.Ս. Տողանյանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս.Հ. Կարայանը, ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ռ.Մ. Աբրահամյանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության ազգային մարմինների հրավիրյալ պատասխանատու աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և մշակույթի գործիչներ, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Օրակարգին համապատասխան՝ նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը. 

  1. Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի;
  2. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի նախապատրաստման մասին;
  3. Այլ։

 

  1. Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի

 

Սույն հարցի վերաբերյալ հայկական կողմից հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս.Հ. Կարայանը։

Նշված հարցի վերաբերյալ ռուսաստանյան կողմից հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռ.Մ. Աբրահամյանը։

ՄԽՀ նիստում զեկուցումներով և ելույթներով հանդես եկողները նշեցին, որ ՄԽՀ 30-րդ նիստը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Պայմանագրի ստորագրման 20-ամյակի տարում, ինչը հատուկ պատասխանատվություն է դնում ՄԽՀ մասնակիցների վրա։

Գոհունակությամբ նշվեց Ռուսաստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրի դրական դինամիկայի մասին։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2016թ., 2015թ. համեմատ, ավելացել է 115,1%-ով, իսկ 2017թ. հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառության աճի տեմպը կազմել է 123,5%։ Նշվեց նաև, որ Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան կուտակված կապիտալ ներդրումների ծավալը կազմում է օտարերկրյա բոլոր ներդրումների մոտ 40%-ը, հաջողությամբ գործում են ռուսաստանյան կապիտալ ունեցող մեկուկես հազար ձեռնարկություններ և կազմակերպություններ։

Միևնույն ժամանակ, կողմերն արձանագրեցին, որ 2017թ. հունվար-հունիս ժամանակաընթացքում ռուսաստանյան ներդրումների հոսքը Հայաստան կազմել է 5,1 մլն ԱՄՆ դոլար։ Ռուսաստանյան ներդրողները ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության հետևյալ սեկտորներում. հեռահաղորդակցային սեկտոր (2,1 մլն ԱՄՆ դոլար), լեռնահանքային համալիր (1,7 մլն ԱՄՆ դոլար), ալկալիական մետաղների արտադրություն (1,3 մլն ԱՄՆ դոլար)։

Ամրագրվեց, որ Հայաստանում արդյունավետորեն աշխատում է ռուսաստանյան կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություն, որոնց տեսակարար կշիռը օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների ընդհանուր թվաքանակում կազմում է 27,6%։

Ինչպես իր զեկուցման մեջ նշեց Ռ.Մ. Աբրահամյանը, տնտեսական համագործակցության գերակա ճյուղ է համարվում էներգետիկան (անհրաժեշտ էներգակիրների 80%-ը Հայաստանն ստանում է Ռուսաստանից)։ Նշվեց նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատանքի դրական փորձը, որը դարձել է հայկական տնտեսության հաջողությամբ գործող ընկերություններից մեկը։ Մակրոտնտեսական ցուցանիշներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջատար տեղ հիմնադիր կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների մեծությամբ, առաջատարն է խոշոր հարկատուների շարքում՝ ս.թ. առաջին կիսամյակում վճարելով մոտ 24,5 մլրդ դրամ մաքսատուրք և ուղղակի հարկեր։ Միայն վերջին 10 տարիներին ընկերության ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է ավելի քան 800 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի շուկայում կայուն ցուցանիշներ ունի ռուսաստանյան «Ռուսալ-Արմենալ» ընկերությունը, որը Հայաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, ալյումինե ֆոլգայի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ստեղծման պահից՝ 2000 թվականից, ընկերությունն արտադրության մեջ ներդրել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար։

Ակտիվ համագործակցություն է իրականացվում ատոմային էներգետիկայի ոլորտում։  Ռուսաստանյան և հայկական ընկերությունները շարունակում են Հայկական ատոմական էլեկտրակայանի միջուկային էներգաբլոկի արդիականացման աշխատանքները։

Ռ.Մ. Աբրահամյանը նշեց նաև, որ տրանսպորտի ոլորտում հաջողությամբ աշխատում է «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ դուստր ընկերություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Նախատեսվում է, որ այն 14,7 մլրդ ռուբլու ներդրումներ կկատարի Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման գործում։

Մեծ հույսեր են կապվում «Սյունիք» ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ, որը նախատեսվում է բացել 2017 թվականին։ Սույն նախագծով հետաքրքրված են թեթև և քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և էլեկտրատեխնիկայի ռուսաստանյան ընկերությունները։

Ռուսաստանյան և հայկական կողմերի զեկուցողները փաստեցին, որ երկկողմանի տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն են հանդիսանում միջտարածաշրջանային կապերը, որոնք մեր պետությունների արտահանական ներուժի էական ռեզերվ են դարձել և ապահովում են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների մրցակցային առավելությունները։

Գոհունակությամբ նշվեց, որ արդեն երկու տարի մեր միջտարածաշրջանային համագործակցությունը կառուցվում է նոր, արդիական եվրասիական ձևաչափով։ Հայ և ռուսաստանցի գործարարները ներկայում օգտվում են պարզեցված մաքսային ընթացակարգերից և ստանում օգուտներ, որոնք բերում է ազգային իրավասությունների մրցակցությունը՝ կապված ձեռնարկատիրական գործունեության համար առավել հրապուրիչ պայմանների տրամադրման հետ։

Միաժամանակ ընդգծվեց նաև, որ տնտեսության ոլորտում դեռևս առկա է փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման չգործադրված մեծ պոտենցիալ։ Նշվեցին արդյունաբերության կոնկրետ բնագավառներ, որոնք պրոֆեսիոնալ մշակված ներդրումային ծրագրերի իրագործման պարագայում կարճ ժամկետում շոշափելի տնտեսական արդյունք կտան։

Այսպես, եթե 2015թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից զուտ ներդրումների հոսքերը (զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա (տվյալ պարագայում՝ ռուսաստանյան) ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) կազմել են 27 մլրդ 733,3 մլն դրամ (կամ 58,03 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են 35 մլրդ 983,3 մլն դրամ (կամ 75,29 մլն դոլար), ապա 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -52 մլրդ 10,2 մլն դրամ (կամ մինուս 108,8 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) -26 մլրդ 290,5 մլն դրամ (կամ մինուս 55,0 մլն դոլար)։ Նշենք, որ Ռուսաստանից ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները), որոնք կազմել են (մինուս) -79 մլրդ 743,6 մլն դրամ (կամ 166,86 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները կազմել են (մինուս) -62 մլրդ 273,8 մլն դրամ  (կամ 130,3 մլն դոլար)։ Նույն միտումներն են դիտվել նաև 2017թ. 1-ին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում ռուսաստանյան ներդրումների հոսքերի դինամիկայում։ Այսպես, 2017թ. հունվար-հունիսին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են (մինուս) -25 մլրդ 709,2 մլն դրամ (կամ մինուս 53,1 մլն դոլար), որից ուղղակի ներդրումները Ռուսաստանից կազմել են (մինուս) -12 մլրդ 298 մլն դրամ (կամ մինուս 25,38 մլն դոլար)։ ՄԽՀ մասնակիցները մտահոգություն հայտնեցին տնտեսությունում նման միտումների առնչությամբ և միաժամանակ նշեցին, որ համատեղ խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը, ներդրողների զուտ տնտեսական շահից զատ, ունի նաև կարևոր քաղաքական նշանակություն, այն է. Հայաստանի Հանրապետությունը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սեփական օրինակով ցույց կտա Եվրասիական տնտեսական միության հեռանկարայնությունը ինչպես տարածաշրջանային հարևաններին (Իրան, Թուրքիա և Ադրբեջան), այնպես էլ Եվրոպական միությանը, որի հետ ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրում։

Զեկուցողները և ելույթ ունեցողներն ամփոփելով նշեցին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է լուծեն արտահանման դիվերսիֆիկացման, բարձր տեխնոլոգիաների ներմուծումը փոխարինելու, արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու և արդյունաբերական արտադրության արդիականացման խնդիրները։ Ընդգծվեց նպատակային ներդրումային ծրագրերի օպերատիվ մշակման անհրաժեշտությունը, հատկապես տեքստիլ և քիմիական արդյունաբերության ոլորտներում։

Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց.

ի գիտություն ընդունել զեկուցողների և քննարկումների ժամանակ ելույթ ունեցող ՄԽՀ անդամների ինֆորմացիան։  

 

  1. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի նախապատրաստման մասին

 

Ունկնդրելով Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան մասի համանախագահ Ն.Ի. Ռիժկովի և Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Ա.Մ. Գեղամյանի տեղեկատվությունը և քննարկելով կողմերի կարծիքները՝ Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց.

2.1. Աշխատանքային կարգով 2017թ. նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում համաձայնեցնել Միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 31-րդ նիստի թեման։

2.2. Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 31-րդ նիստն անցկացնել 2017թ. առաջին կիսամյակի սկզբին, Ռուսաստանի Դաշնությունում։

2.3. Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան մասի համանախագհ Ն.Ի. Ռիժկովին և Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Ա.Մ. Գեղամյանին հանձնարարել՝ համաձայնեցնել Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի անցկացման ամսաթիվը։

  1. Այլ

Քննարկման համար լրացուցիչ հարցեր չեն մտցվել։

 

 


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի միջև համագործակ-ցության Միջխորհրդարանական հանձ-նաժողովի հայաստանյան մասի համանախագահ

Ա.Մ. Գեղամյան

 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակ-ցության Միջխորհրդարանական հանձ-նաժողովի ռուսաստանյան մասի համանախագահ

Ն.Ի. Ռիժկով

 

 

Թղթ –  Կարողացա՞ն արդյոք ընդդիմությունից Ձեր գործընկերները ռուսաստանյան կողմի «երեսին» ասել, նրանց կարծիքով, այն ամենը, ինչի մասին խոսում են Ազգային ժողովի ամբիոնից, ներկայացրի՞ն արդյոք նրանք իրենց մտահոգությունն այդ դրսևորումների վերաբերյալ։

Ա.Գ. Պետք է ասեմ, որ ՄԽՀ հայկական կողմի բոլոր անդամները, և՛ ընդդիմության, և՛ կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները, ռուսաստանյան կողմի առջև բարձրացրին միանգամայն ճիշտ հարցեր։ Մասնավորապես, նշվեց, որ հարմար առիթով՝ հրավիրվելու դեպքում, հայ պատվիրակներն անխոչընդոտ այցելում են Ղրիմ, և հենց այս օրերին՝ նոյեմբերի 6-7-ին, այնտեղ կայանալու է միջազգային կոնֆերանս, որի աշխատանքին կմասնակցի ՄԽՀ հայկական կողմի անդամ Հայկ Բաբուխանյանը։ Ինձ նույնպես հրավիրել են այդ կոնֆերանսին, բայց քանի որ ինչ-ինչ հանգամանքներ կային՝ ՄԽՀ նիստի հետ կապված, ես չկարողացա մասնակցել Ղրիմի բարեկամների կոնֆերանսի աշխատանքին։ ՄԽՀ նիստի ժամանակ նշվեց նաև, որ Հայաստանում տեղի է ունեցել Միջխորհրդարանական հանձնաժողովի 15 նիստ, բայց Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանցի անդամներն այդպես էլ ոչ մի անգամ չեն այցելել Արցախի Հանրապետություն։

Թղթ. – Բայց չէ՞ որ ռուսաստանցի որոշ պատգամավորներ քանիցս այցելել են Արցախ՝ չվախենալով հայտնվել ադրբեջանական «սև ցուցակում»։

Ա.Գ. Այո, բայց դա Միջխորհրդարանական հանձնաժողովի մակարդակով չի եղել, որը, ըստ էության, կոչված է խորացնելու հայ-ռուսաստանյան համակողմանի միջխորհրդարանական հարաբերությունները։

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի պատգամավորների երկխոսությունը չափազանց անկեղծ էր, անկաշկանդ և բարյացակամ։ Եվ սա շատ կարևոր է. եթե ՄԽՀ նիստի ժամանակ նման հարցեր են բարձրացվում, ուրեմն վստահություն կա, որ մենք գործ ունենք բարեկամների, բարեկամական երկրի ներկայացուցիչների, դաշնակից պետությունը ներկայացնող զինակիցների հետ։ Ընդ որում, մեզ հուզող հարցերին մենք ստանում ենք պատասխաններ ոչ թե երրորդ աղբյուրից, այլ հենց Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից։ Վերցնենք, օրինակ, բոլոր հայերի համար ցավագին՝ Ադրբեջանին զենքի մատակարարումների հարցը։

Այս հարցի վերաբերյալ բավական համոզիչ արտահայտվեց, մասնավորապես, Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Իմ գործընկերոջը ներկայացնելով ռուսաստանյան կողմին՝ ես նշեցի, որ պարոն Սաղաթելյանը Արցախի ազատագրական շարժման ակտիվ մասնակից է և այս հարցի վերաբերյալ ավելի լավ, քան որևէ մեկը կարող է օբյեկտիվ մտահանգումներ անել։

Թղթ. –  Եվ ինչպիսի՞ն էր ռուսաստանյան կողմի արձագանքը ձեր բարձրացրած հարցերին։

Ա.Գ. Հատկանշականն այն է, որ մեր գործընկերները մեր տագնապին ըմբռնումով մոտեցան, քանի որ տեսան մեր անկեղծ մտահոգությունը, սկզբունքայնությունը, այլ ոչ թե կույր քենի դրսևորում։ Ընդ որում՝ ես, որպես խորհրդարանի կառավարող Հանրապետական խմբակցության անդամ և Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, խոր գոհունակություն ապրեցի այն բանից, որ ՄԽՀ հայկական կողմն այս հարցում միասնականություն ցուցաբերեց, և ասես փոխլրացնելով միմյանց՝ մեր գործընկերներն ընդդիմությունից խոսեցին այն մասին, ինչը չէինք հասցրել ասել մենք, և ընդհակառակը։

Հարկ է նշել նաև, որ ՄԽՀ հայկական կողմը ընդգծված հարգանքով վերաբերվեց ՄԽՀ ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին։ Նա եզակի անձնավորություն է ռուսաստանյան քաղաքականության մեջ, էլ չեմ ասում այն մասին, որ Նիկոլայ Իվանովիչին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում, այնպես որ՝ անհնար էր թաքցնել ՀՀ ԱԺ պատգամավորների խոր հարգանքը նրա հանդեպ։ Բայց և միաժամանակ առավել սկզբունքային հարցերի մասին խոսվում էր ազատ, հաճախ կառուցողական քննադատության դիրքերից, բայց առանց չարության։ Մեր կողմից նշվեց, որ մեզ խոր ցավ է պատճառում այն հանգամանքը, որ ռուսական զենքից զոհվում է մեր զինվորը՝ Ռուսաստանի դաշնակցի, ՀԱՊԿ անդամ պետության զինվորը։

Կարծում եմ, որ այս տեսակետից ևս ՄԽՀ 30-րդ նիստը շահեկանորեն տարբերվում էր երկկողմ և բազմակողմ բազմաթիվ միջազգային համաժողովներից, համենայնդեպս՝ նրանցից, որոնց ես մասնակցել եմ։ Հատկանշական է, որ նիստի վերջին օրը, երբ արդեն ամփոփվել էին նրա արդյունքները, Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը խոստովանեց. քանի որ սա առաջին նիստն էր Ձեր համանախագահությամբ (նկատի ուներ ինձ), ես ցավում էի Ձեզ համար, ցանկանում, որ ամեն բան լավ անցնի։ Հիմա կարող եմ շնորհակալություն հայտնել Ձեզ. մենք նիստը փայլուն անցկացրինք, ինչին նպաստեցին Միջխորհրդարանական հանձնաժողովի ինչպես ռուսաստանցի, այնպես էլ հայ անդամները։

Առանձնապես ուզում եմ նշել ՄԽՀ ռուսաստանյան կողմի անդամների հանդիպումը Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հետ։ Նախ՝ ՀՀ Նախագահի մոտ ընդունելության մթնոլորտը բացառիկ ջերմ էր։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի Նախագահը բավական կոշտ արտահայտվի ոմն քաղաքագետ Սերգեյ Մարկովի վնասակար, վտանգավոր և լկտի արտահայտությունների մասին։ Սերժ Սարգսյանը շեշտակի և ուղղակ հայտարարեց. ինքը՝ Սերգեյ Մարկովը որպես այդպիսին մեզ բնավ չի հետաքրքրում, մեզ մտահոգում է այլ հանգամանք, որ նրա զառանցանքը և բացահայտ հերյուրանքը հայ ժողովրդի և երկրի ղեկավարության մասին տպագրվում է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական օրգան «Парламентская  газета»-ում։

Թղթ. – Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է Մոսկվայո՞ւմ։

Ա.Գ. Ռուսաստանյան կողմը ծրագրում է հունիսի վերջին Մոսկվայում անցկացնել 31-րդ նիստի արձանագրային մասը, ինչից հետո նիստը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի Մուրմանսկում։ Ռուսաստանցի մեր գործընկերները ցանկանում են, որպեսզի հայկական կողմն անպայման ծանոթանա Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի Մուրմանսկում տեղակայված առանձին ստորաբաժանման հետ։ Նշվեց, որ առաջիկա օրերին կսկսվի հայ խորհրդարանականների՝ սուզանավերից մեկի այցելությունը համաձայնեցնելու աշխատանքը։ Իսկ դա, համաձայնեք, կատակ բան չէ։

Օգտվելով բարյացակամ մթնոլորտից, որում անցկացվում էր ՄԽՀ 30-րդ նիստը, ես բարձրացրի հարց այն մասին, որ «ՄԽՀ 15 նիստ անցկացվել է Երևանում, և ամեն անգամ, ինչպես արդեն նշեց Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, Դաշնային ժողովի պատվիրակության անդամներին հնարավորություն է տրվել հանդիպելու Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, ուստի, հարգելի Նիկոլայ Իվանովիչ, թերևս, Ձեր ուժերից վեր չի լինի կազմակերպել նման հանդիպում Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ»։ Այնուհետև վստահություն հայտնվեց, որ նման հանդիպման կազմակերպումից հետո Միջխորհրդարանական հանձնաժողովի վարկը էլ ավելի կբարձրանա, մանավանդ Ռուսաստանում։ Պարոն Ն.Ի.Ռիժկովը նշում կատարեց իր մոտ, և հիմա այս հարցում, ինչպես ասում են, գնդակը նրանց կիսադաշտում է։

Ամփոփելով ՄԽՀ 30-րդ նիստի աշխատանքը՝ կարելի է փաստել, որ դրվել է մեծ աշխատանքի սկիզբը, և եթե մենք հետևողականություն դրսևորենք, իսկ մենք այլընտրանք չունենք, այդ ժամանակ Արձանագրությունում նշված պայմանավորվածություններն անպայման կկատարվեն, և կարելի կլինի վստահաբար ասել, որ կհետևեն դրական տեղաշարժեր Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, էլ ավելի կխորանան փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացները տնտեսության բնագավառում։

ՌԴ Դաշնային Ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ
Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Աշոտի Փելեշյանը տիկնոջ՝ Աիդա Հակոբովնայի հետ և
ՌԴ Դաշնային Ժողովի և ՀՀ Ազգային Ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ
Արտաշես Գեղամյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]