Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոռու մարզպետը Վանաձորում ներդրումային բում է ակնկալում

Լոռու մարզպետը Վանաձորում ներդրումային բում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ այցելել է Լոռու մարզ, որտեղ մասնակցել է իրանական ընկերության կողմից մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը, շրջել է քաղաքով, ինչպես նաև մի շարք խորհրդակցություններ անցկացրել մարզի ղեկավար կազմի հետ: Թե ինչով է պայմանավորված այդ ուշադրությունը և ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել մարզում ու Վանաձորում «Արմենպրես»-ին պատմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Պարոն Նալբանդյան, ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային մարզում: 

-Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հաշվի առնել մարզի յուրահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, մարզի 8 քաղաքային և 99 գյուղական համայնքներին բնորոշ առանձնահատկությունները: Մի խոսքով, յուրաքանչյուր գործոն վճռորոշ է զարգացման հեռանկարային ոլորտներն առանձնացնելու հարցում: Մարզն իր բնույթով արդյունաբերական է: Որպես արդյունաբերության առաջատար ճյուղ՝ մարզում առանձնանում է հանքարդյունաբերությունը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին 2011թ. համեմատությամբ հանքագործական արդյունաբերության ծավալը աճել է շուրջ 9.3 անգամ, որը հիմնականում պայմանավորված էր 2014թ. տարեվերջին «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործմամբ: Մարզում հանքարդյունաբերություն են իրականացնում նաև «Սագամարը», «Էյ-ՍԻ-ՓԻ» և այլ ընկերություններ:

Անցյալ տարի ծավալի աճ են արձանագրել նաև թեթև, մեքենաշինական, փայտամշակման արտադրությունները: Բնույթով արդյունաբերական լինելով հանդերձ՝ սոցիալ-տնտեսական զարգացման առումով մարզում լուրջ ուշադրություն է դարձվում նաև գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացմանը և այլն:

Մենք մեծ հույսեր ենք կապում առանձնապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, որի բոլոր նախադրյալներն ունենք և վստահ ենք, որ դա մեր մարզի տնտեսության զարգացման գլխավոր անկյունաքարերից մեկը կդառնա: Դեռևս 2014թ.-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի շուրջ 6 մլն դոլար ֆինանսական աջակցությամբ հիմնվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2016թ.-ի աշնանը՝ ՀՀ Նախագահի անմիջական մասնակցությամբ: Ծրագիրն ուղղված է նպաստելու Վանաձոր քաղաքում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության ու խորհրդատվության տրամադրմանը: Այժմ կենտրոնում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքային տարածք՝ սկսնակ թիմերի համար: Կանխորոշվել է մինչև 2025 թվականը նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը մարզում ավելացնել 20 տոկոսով։

2015թ.-ից «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից իրականացվում են «Սմարթ կենտրոնի» ստեղծման աշխատանքներ՝ գեղատեսիլ Դեբեդի հովտում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբին: Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում: Այն նոր հնարավորություններ կստեղծի մարզի գյուղական միջհամայնքային կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, դպրոցականների կրթությունը նորարարական տեխնոլոգիաներով կազմակերպելու համար։ Հիմնադրամի կողմից մարզի 6 համայնքներում ստեղծվել են ստեղծագործարաններ։

2017թ.-ին Լոռին հայտարարել ենք «Սմարթ մարզ» և այդ գործում օրինակելի  ենք ողջ հանրապետությունում: Այս նախաձեռնության մեկնարկը տրվեց մարզի տարբեր համայնքների 13 հանրակրթական դպրոցներում «Սմարթ» դասասենյակների ստեղծմամբ։ Նրանց թիվը գնալով ավելանում է և առաջիկայում ջանքեր չենք խնայելու, որպեսզի մարզի բոլոր դպրոցներում լինեն այսպիսի դասասենյակներ: Ավելացնեմ նաև, որ ՀՀ Նախագահի գործուն աջակցությամբ նախատեսվել է Վանաձորում հիմնել «Թումո» կենտրոն: Նշածս յուրաքանչյուր նախաձեռնություն ամբողջական շղթայի մեկ օղակն է կազմում և համոզված եմ, որ կարճ ժամանակ անց մենք կկարողանանք հյուսել այդ շղթան՝ մարզը դարձնելով տևական զարգացման հնարավորություններով ՏՏ կենտրոն:

Մարզի զարգացման հեռանակարային ճյուղերից ենք համարում նաև տուրիզմը: Լոռին առանձնահատուկ է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, լոռեցու անմիջական հյուրընկալությամբ՝ հանդիսանալով հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկը։

-ՀՀ կառավարությունը նպատակաուղղված քաղաքականություն է վարում մարզերի, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված՝ շեշտադրում կատարելով հատկապես բիզնես միջավայրի զարգացման ու ներդրումային ծրագրերի վրա: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կառավարության ղեկավարը հասցրել է երեք անգամ լինել մարզում, որից երկուսը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում գործադիր մարմնի որդեգրած քաղաքականությունից:

-Համայնքների համաչափ զարգացման քաղաքականության որդեգրումն, ըստ իս, ամենակարևոր նախաձեռնություններից է, կենսականորեն անհրաժեշտ քաղաքականություն՝ մայրաքաղաքից զատ, մարզերում և համայնքներում կայուն զարգացում ապահովելու նպատակադրմամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ համայնքների համաչափ զարգացման հայեցակարգի մեկնարկից հետո դրական փոփոխություններն ակնառու են: Մարզի համայնքներում մեծածավալ ծրագրեր են իրականացվում պետական միջոցներով, միջազգային կառույցների աջակցությամբ, վարկային միջոցներով և այլն, որոնք միտված են բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, համայնքային կյանքի ակտիվացմանը: Նշեմ նաև, որ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերում և 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում համայնքների համաչափ զարգացումը դիտարկել ենք որպես գերակա խնդիր ու  հեռահար նպատակ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզ կատարված այցերի առնչությամբ Ձեր դիտարկմանը՝ ապա կառավարության ղեկավարը մարզում գրավիչ գործարար և ներդումային միջավայր ապահովելու առանձնահատուկ շահագրգռվածություն ունի: Նրա անմիջական մասնակցությամբ մարզում ու մասնավորապես՝ Վանաձորում, առաջիկայում, չեմ խուսափի այս բառից, ներդրումային բում է սպասվում:  

-Եկեք հենց դրանից էլ խոսենք: Ներդրումային ի՞նչ ծրագրեր են իրականացվում կամ նախատեսվում են իրականացվել մարզում եւ Վանաձորում մասնավորապես: 

-Վերջին խոշոր ներդրումը մարզկենտրոնում՝ ներհամայնքային ճանապարհների նորոգումն էր: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 193 մլն դրամի շրջանակներում հնարավոր եղավ ասֆալտապատել 32.500 քառ. մետր տարածք, փոսային նորոգումներ կատարել 10.000 քառ. մետր տարածքի վրա:

Ինչ վերաբերում է ներդրումային այլ ծրագրերին, ապա ծավալուն աշխատանքներ են իրականացվում թե՛ պետական միջոցներով, թե՛ բարերարների և թե՛ միջազգային կառույցների աջակցությամբ: Լուրջ ներդրումներ են կատարվում հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Ամենախոշոր ծրագիրը՝ 102 մլն եվրո արժողությամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի (Մ6) շինարարությունն է: Այն ունի շուրջ 90 կմ երկարություն, ճանապարհն անցնում է 40 կամրջով (որոնցից 13-ը` 10 մետր և ավելի երկարությամբ) և 3 թունելով: Մ6 միջպետական ճանապարհը ռազմավարական և կենսական մեծ նշանակություն ունեցող միջանցք է Հայաստանի Հանրապետություն ներմուծումների, արտահանումների, ինչպես նաև տեղական բեռնափոխադրումների համար: Այն Հայաստանը կապում է Վրաստանի սևծովյան նավահանգիստների, ԱՊՀ, Եվրոպայի և այլ երկրների հետ:

Մեծ ներդրումներ են իրականացվում նաև առողջապահության, կրթության, մշակույթի, հանրային կարևորության այլ բնագավառներում, ինչը վկայում է, որ մարզը գտնվում է պետական հոգածության ներքո:

Մարզում արտաքին կապերի ապահովումը և միջազգային համագործակցությունն իրականացվում է բարձր մակարդակով, ինչն էլ իր դրական արդյունքներն է տալիս միջազգային ներդրումների, բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման առումով:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության շրջանակներում մարզում իրականացվել են խոշորածավալ աշխատանքներ, որոնք զգալի ներդրում են ունեցել մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Արդյունավետ համագործակցություն ենք վարում շուրջ 43 միջազգային կառույցների հետ։

-Լոռու մարզպետարանում ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին ներկայացվել է Վանաձորի զարգացման հայեցակարգը և խոսվել է տուրիզմի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին: Կմանրամասնե՞ք, ինչի մասին է խոսքը: 

-Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյի և Մոսկվայի փորձառու մասնագետները: Ներկայումս մշակվում է քաղաքի զարգացման «մաստեր պլանը»՝ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերով: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: Քննարկվում է նաև Վանաձորում ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը, քանի որ մարզկենտրոնի արդյունաբերական երբեմնի հսկաները կարող են գրավչություն ներկայացնել զբոսաշրջիկների համար: Հայեցակարգն արժանացել է կառավարության ղեկավարի հավանությանը և նա վստահեցրել է, որ կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են խոշոր ներդրումներ կատարել Վանաձորում:

-Արդյունաբերության ոլորտը մարզում զարգացման հեռանկարներ ունի՞ և արդյո՞ք հնարավոր տեսնում եք վերականգնել մարզի արդյունաբերական նախկին հզորությունները:

- Մարզի արդյունաբերական նախկին հզորությունների վերականգնման մասին մտածելն իրատեսական չէ, քանի որ վաղուց արդեն չկա երբեմնի թողարկվող արտադրանքի պահանջարկը, սպառման շուկաները: Միջազգային շուկա դուրս գալու համար նորագույն տեխնոլոգիաներ պետք է ունենալ, անցնել դժվարագույն մրցակցության բովով: Ուրեմն, մեր նպատակը պետք է լինի ոչ թե նախկին հզորությունները վերականգնելը, այլ դեռևս գոյատևող, բայց անգործության մատնված որոշ ձեռնարկություններում տեղական ու համաշխարհային շուկայի պահանջարկին համահունչ արտադրանք թողարկելը: Մի խոսքով, արդյունաբերությունը նորովի պետք է զարգացնենք, որին և ձեռնամուխ ենք եղել վաղուցվանից:

Այս առումով ոգևորիչ է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացումը: Ուղիղ մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: Այս ընկերությունը ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանում: Մարզում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, կառուցվող ձեռնարկության աշխատողների թիվը ենթակառուցվածքների հետ միասին՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտվել 2018 թ. ապրիլին: Այստեղ ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Իսկ 80 մլն ԱՄՆ դոլար  ներդրումային ծավալով և 300 աշխատատեղով կարբոնի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018թ. նոյեմբերին: Նախատեսված ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ, մրգերի վերամշակմամբ, ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018թ. մայիսին, և ավարտել 2019թ. մայիսին (ներդրումների ծավալը` 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ մինչև 300-400 մարդ): Սա լուրջ ներդրումային ծրագիր է մարզի համար, որը հնարավորություն կտա լուծելու մեզ այնքան մտահոգող զբաղվածության խնդիրը, զարգացում կապահովի մարզի տնտեսության համար:

Մարզի համար, որպես կարևորագույն խնդիր եղել և առաջիկայում ևս կմնա թեթև և սննդի արդյունաբերությունների հետագա զարգացումը, որոնք կարող են մեծ շուկա ունենալ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում: «Գլորիա», «Սարտոն» և «Բազում» ֆիրմաների արտադրանքը իր որակական ցուցանիշով արդեն իսկ մեծ պահանջարկ ունի Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ պետություններում:

Գյուղմթերքների վերամշակման և սննդի ոլորտում մարզում գործում են հարյուրից ավելի ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր: Առաջիկա 10 տարում ևս սննդի արդյունաբերության ընդլայնումը և որակի բարձրացումը մարզի համար կմնա որպես գերակա ուղղություն, առաջին հերթին որպես գյուղմթերքների վերամշակման բնագավառ, որը նաև հնարավորություն կտա մարզի արտադրության ընդհանուր ծավալում փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը հասցնել մինչև 35-40 տոկոս:

Ծրագրերը շատ են, և մենք հաստատակամ ենք մեր նպատակները ավարտին հասցնելու՝ հանուն մեր մարզի զարգացման ու բնակչության բարեկեցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]