Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չիլիի ռազմածովային ուժերի հայ ծովակալը. մտորումներ անցած ուղու, հայ համայնքի, հայկական բանակի մասին

Չիլիի ռազմածովային ուժերի հայ ծովակալը. մտորումներ անցած ուղու, հայ համայնքի, 
հայկական բանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիում ապրում է 600-ից ավելի հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետներ` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլիի հայ համայնքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

-Պարոն Կույումջյան, ինչպե՞ս ստացվեց, որ դուք որոշեցիք մտնել ռազմածովային ուժեր: Ի՞նչը ձեզ գրավեց այդ համակարգում:

-Ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Ռազմածովային ակադեմիա: Ես իրականում չէի պատկերացնում դա ինչ է, բայց սիրում էի ծովը, նավը, նավագնացությունը: Ժամանակին ընտանիքով սովորաբար արձակուրդն անցկացնում էինք ծովում և ես լավ լողորդ էի: Ռազմածովային ակադեմիայում սովորելու տարիներին, երբ ես սկսեցի ճանաչել ոլորտը, այն ավելի ու ավելի սիրեցի: Ակադեմիայի 5 տարիները  բավական ծանր էին, բայց հաղթահարեցի և ամեն տարի իմ դասարանում առաջին մրցանակն էի ստանում, որը օգնում էր ինձ շարունակել:

-Հետահայաց նայելով՝ ինչպիսի՞ն էր ձեր անցած ռազմածովային ուղին: Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կվերհիշեք:

-Ակադեմիան ավարտելուց հետո ես ռազմածովային ոլորտում անցկացրել եմ 39 տարի: Այդ ժամանակաշրջանը բավական դժվար էր և բարդ, ինչ-որ տեղ նույնիսկ ավելի ծանր, բայց ես վայելել եմ այդ ամենը: Իմ կատարած աշխատանքից, զբաղեցրած պաշտոններից առանձնացնեմ հետևյալը` Ստորջրյա ոչնչացման թիմերի նավատորմի հրամանատարության ղեկավար, սպա, «Յելչո» անտարկտիկական հետախուզական նավի հրամանատարական սպա, «Էսմերալդա» նախապատրաստական (4 կայմով 3670 տոննա քաշով) նավի հրամանատարական սպա, որը գնացել է Հարավային Աֆրիկա, Ուրուգվայ և հատել Աֆրիկյան եղջյուրը և այլն:

Ծովակալի կարգավիճակում 10 տարի աշխատել եմ տարբեր պաշտոններում: Ես ունեմ սկզբունք` որտեղ էլ լինես, պետք է աշխատես ջանասիրաբար, խթանես քո աշխատակիցներին և վայելես այդ ամենը, ինչը և ես արեցի: Եվ այս հրաշալի կյանքի գինն այն է, որ դու թողնում ես քո ընտանիքին մենակ, իրենց հետ չես կարևոր իրադարձություններին:

-Ո՞րն է եղել ձեր հաջողության գրավականը, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել համակարգում գործընկերների, քաղաքական գործիչների հետ շփումներում:

-Միշտ անել առավելագույնը: Լինել անկեղծ և հոգ տանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են քեզ: Հոգ տանել ենթակաների նկատմամբ, հաղորդակցվել նրանց հետ և արժանանալ նրանց վստահությանը: Լինել ճշմարտախոս և երբեք չխուսափել առաջադրանքներից, խնդիրներից: Օրեր առաջ ես առաջնորդության դասախոսություն կարդացի Ռազմածովային պոլիտեխնիկական ակադեմիայի սպաների համար` ընդգծելով այս ամենը տարբեր կողմերից:

Ինչ վերաբերում է գործընկերների հետ շփումներին, ապա կարևորում եմ փոխադարձ հարգանքը և աջակցությունը: Եթե Աստված տաղանդ է շնորհել, ուրեմն պետք է առավելագույնս այն օգտագործել և օգնել ուրիշներին: Քաղաքական գործիչների հետ շփումներում գնահատում եմ բաց լինելը, անկեղծությունը. լինել համբերատար և ընդունել, որ կան մարդիկ, ովքեր կարող են մտածել այլ կերպ, գործողություններով ցույց տալ այլ բան:

-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի զինված ուժերի մասին, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ավելի հզոր բանակ ունենալու համար:

-Ես բավարար չեմ ճանաչում ամբողջական կարծիք հայտնելու համար: Ամեն դեպքում ես գիտեմ, Ադրբեջանի հետ կռվի ժամանակ նրանք եղել են խիզախ`պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը: Ես այցելել եմ ճակատ 2013 թվականին և շատ լավ տպավորություն եմ ստացել: Շատ մոտիվացված և պատրաստված երիտասարդություն է:

-Եթե չեմ սխալվում, դուք արդեն 3-րդ անգամ եք եկել Հայաստան, ամեն անգամ այցելելիս ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Ամեն այցելության ժամանակ նոր փոփոխություններ եմ նկատում, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, ձեռք եմ բերում ավելի շատ ընկերներ: Շփվում եմ շատ երիտասարդների հետ, ովքեր խոսում են անգլերեն, ֆրանսերեն:

-40 և ավելի տարիներ ռազմածովային ուժերում աշխատելուց հետո դուք սկսեցիք բիզնեսով զբաղվել: Մի փոքր կպատմեք ներկայում ի՞նչ գործունեություն եք ծավալում, ո՞ր ոլորտում:

-Արդեն 17 տարի է, որ ես թոշակի եմ անցել և այս ընթացքում շատ բան եմ հասցրել անել տարբեր ոլորտներում: Այսօր իրականացնում եմ շահույթ չհետապնդող գործունեություն կրթական, մշակութային ոլորտներում: Ես ունեմ փոքր ընկերություն, որը ներմուծում է գործիքներ քրեական հետաքննության համար: Այդ համակարգերը հնարավորություն են տալիս հեռախոսներից, համակարգիչներից զտել ինֆորմացիան և ներկայացնել դատական նիստերին: Ոստիկանական ազգային ակադեմիայի լաբորատորիային ապահովում ենք հանցավորության դեմ պայքարի գործիքներով: Մենք նաև աշխատում ենք կիբեր պաշտպանության ոլորտում` առաջարկելով համապատասխան գործիքներ:

-Մի փոքր կպատմեք Չիլիում հայ համայնքի մասին: Որքա՞ն հայ է ապրում, հիմնականում, ի՞նչ ոլորտներում են ներգրավված:

-Չիլիում հայ համայնքը շատ փոքրաթիվ է: Իմ հայրը Լորիս Կույումջյանը 1957 թվականին հայ համայնքի առաջին նախագահն է եղել, չնայած շատ այլ հայեր ժամանել էին 1930-ականներին: Այսօր «Հայ տուն» կազմակերպությունում գրանցված է 100 հայ, իրենց ընտանիքների հետ միասին մոտ 400 հայի մասին է խոսքը: Երկրի տարածքում ևս 200-ից ավելի հայ կարող է լինել, սակայն ընդհանուր թիվը 1000-ի չի հասնի: Սա շատ քիչ է Արգենտինայի համեմատ, որտեղ ապրում է 130 հազար հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետների` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Առավել ճանաչվածներից է դեսպան, Դիվանագետների ասոցիացիայի նախագահ Էնրիկե Մելքոնյանը, «El Mercurio» պարբերականի լրագրող Թամարա Ավետիքյանը, դեսպան Լուսիա Ավետիքյանը, Զարգացման համալսարան տնտեսագետ Խուան Պաբլո Գույումջյանը:

Հարցազրույցը`Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]