Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր օրենքով զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումը չի վնասի կրթությանը. Լևոն Մկրտչյան

Նոր օրենքով զինծառայությունից  տարկետման իրավունքի սահմանափակումը չի վնասի 
կրթությանը. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահ է, որ ուսման համար զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կրթությանը վնաս չի հասցնի: ՀՀ կրթության նախարարը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  «Ես 1992 թվականից հստակ դիրքորոշում ունեմ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Եվ այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են,  գիտության որակի էական աճ ունեն: Երկրորդ, մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետևյալը՝ 12 ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդն ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: 

Նա նշեց, որ երբ վերլուծում են, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում: 

Հարցին, թե սա հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, քանի որ նրանք էին հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»:

Հարցին՝  արդյոք կծառայե՞ն, նա պատասխանեց. «Ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող ծառայեն»: 

Լևոն Մկրտչյանն ասաց, որ գիտի պաշտոնյաների, որոնց որդիները ծառայում են առաջնագծում, բայց խուսափեց անուններ տալ: «Օրինակ` գեներալ Յուրի Խաչատուրովի տղան գնդապետ է և առաջնագծում ծառայում է: Մյուս օրինակները դուք պետք է գտնեք»,- ասաց նա: 

Ըստ նախարարի՝ տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, նրանց մոտ 3000 ընկերները զորակոչվում են բանակ: Կառավարությունը կարծում է, որ սա անարդար է, փորձում է բոլորի համար հավասար դարձնել նույն սկզբունքը:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ եթե երիտասարդները գնան բանակ, հետո գան ու զբաղվեն գիտությամբ, դա էլ ավելի կամրապնդի մեր անվտանգությունը, իսկ կրթության անընդհատությանը վնաս չի լինի: «Եթե պատմաբանը բակալավրը վերջացրեց, գնաց բանակ ու երկու տարի հետո հետ եկավ, իր մասնագիտական որակը շա՞տ անկում կապրի: Ընդհակառակը, կան մասնագիտություններ, որոնց տեր մարդիկ գնում են աշխատում, փորձ են ձեռք բերում, հետո որոշում են սովորել մագիստրատուրայում»,- ասաց նա: 

Լևոն Մկրտչյանը նաև կարծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Խոսքն այն մասին է, որ բոլորը պետք է ծառայեն հայկական  բանակում: Հիմա դուք՝ որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 տոկոսի համար կարելի է մի պայման դնել, մնացած 5-10 տոկոսի համար այլ պայմա՞ն»,- նշեց  նախարարը: 

Հարցին, թե արդարության ապահովման խնդիրը արդյոք սրանով լուծվո՞ւմ է, այլ ճանապարհներով չե՞ն փորձի խուսափել բանակից, նա պատասխանեց. «Դրա համար էլ «Զինապարտության մասին» օրենքը բերվեց: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ օրենքում, բացի այս հատվածից, շատ այլ փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է այդ սկզբունքն ապահովեն: Փոխվում են բժշկական ստուգումների ձևը, զորակոչի համակարգը: Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերներ ունի, և  ապրիլյան դեպքերը կարող են միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ», եզրափակեց Լևոն Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]