Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գիրքն անդրադարձ է Խաչիկ Մանուկյանի բանաստեղծություններին

Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գիրքն անդրադարձ է Խաչիկ 
Մանուկյանի բանաստեղծություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» մենագրությունը հայացք է ժամանակակից հայ պոեզիային` Խաչիկ Մանուկյանի ստեղծագործության իմաստաբանական և գեղագիտական վերլուծությամբ: Գիրքը լույս է տեսել «21-րդ դար: Հայ գրողներ»  մատենաշարով, որը գրականագետի նախորդ` «20-րդ դար: Հայ գրողներ»   մատենաշարի շարունակությունն է: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այն բաղկացած է երեք մասից` գրական միջավայր, հոգու հայելի, բառուբանը: Առաջին հատվածում ներկայացրել եմ վերջին տարիների հայ գրական միջավայրն իր դրական և բացասական կողմերով, դրսևորումներով: Երկրորդ մասում մանրակրկիտ վերլուծել եմ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները, հատկապես` նրա քառահատոր ժողովածուն: Երրորդ հատվածում խոսել եմ ընդհանուր գրական արվեստի, դրա առանձնահատկությունների մասին:

Ընդգծեմ, որ սիրով եմ գրել գիրքը` դրան տրամադրելով կյանքիս մի ամբողջ տարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դավիթ Գասպարյանը: Նա շեշտեց, որ բարձր է գնահատում Խաչիկ Մանուկյանի պոեզիան, նրա մարդկային տեսակը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ «Հոգու հայելի» գիրքը կարող է լուրջ բանավեճերի առիթ տալ կապված անհատների անունների, հայ գրական միջավայրի հետ:  «Խոսելով 70-ականների գրականության մասին` Գասպարյանը նշել է, որ այն անկումային էր: Ես բնավ համամիտ չեմ այդ գաղափարի հետ: Այդ տարիներին և’ արձակում, և’ պոեզիայում հրաշալի սերունդ կար, անուններ, որոնք մեծ դեր են խաղացել հայ գրականության զարգացման գործում»,-շեշտեց միության նախագահը:

Անդրադառնալով Խաչիկ Մանուկյանի պոեզիայի վերաբերյալ գրքում ներկայացված դրական և քննադատական հայացքներին` միության նախագահն ասաց, որ համամիտ է դրանց հետ:

Գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանի խոսքով` Գասպարյանի գրիչը շատ սուր է: «Նա հայ գրական միջավայրը բավականին մուգ գույներով է ներկայացրել, սակայն կան նաև լուսավոր կետեր: Բացահայտել է Խաչիկ Մանուկյան բանաստեղծին,  հրաշալի վերլուծել նրա հոգու հայելին, Մանուկյանի հարաբերությունները գրքի, գրական աշխարհի, մարդու հետ: Այս գրքում արտահայտված են ոչ միայն հայ, այլև համաշխարհային ժամանակակից կյանքի իրողությունները»,-ասաց Ավանեսյանը:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանն այն գրականագետն է, ում գնահատականին բոլորն են սպասում. նա անաչառ է, չհանդուրժող նաև ծայրահեղական: «Գրքում կան կետեր, որոնց հետ այնքան էլ համամիտ չեմ: Ինչ վերաբերվում է ինձ, կարծում եմ` ես դեռ այնտեղ չեմ հասել այնտեղ, որտեղ մատնանշել է Գասպարյանը:

Շնորհակալ եմ նրան բարձր գնահատականի, դիտողությունների համար, որոնք անպայման հաշվի կառնեմ»,-նշեց բանաստեղծը:

Նա հավելեց, որ գրականությունը մեծ խիզախություն է պահանջում, քանի որ մերկ ոգով ներկայանալու համար անհրաժեշտ է մոտ լինել կատարյալին, գեղեցիկին:

Դավիթ Գասպարյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]