Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. նոյեմբերի 4-ը լռության օր է

Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. նոյեմբերի 4-ը 
լռության օր է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 49 համայնքներում նոյեմբերի 5-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջադրված թեկնածուներն ավարտել են նախընտրական քարոզարշավը. նոյեմբերի 4-ին լռության օր է:

ՏԻՄ հերթական ընտրություններին տարբեր մարզերի քաղաքներում թեկնածուների գերակշիռ մասին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը: Առաջադրված մյուս թեկնածուները հիմնականում անկուսակցական են կամ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող քաղաքապետի հետ պայքարելու համար առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածու Կարեն Համբարձումյանը, սակայն վերջին պահին նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Սիսիանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս երկու քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն քաղաքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուներ չի առաջադրել: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեկնածուներ են առաջադրել մի քանի գյուղական համայնքներում:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանը, ով Ապարանում հայտնի «Գնթունիք» խանութի սեփականատերն է:

Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը և անկուսակցական Արտյոմ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու ՀՀԿ-ական թեկնածուներ և մեկ անկուսակցական թեկնածու: Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրել են անկուսակցական Վազգեն Ադամյանը, ՀՀԿ-ական, Ճամբարակի գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը և ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը, ով ինքնաառաջադրվել է: Վիգեն Սահակյանը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն միանգամից երեք ՀՀԿ-ականներ, որոնցից երկուսն ինքնաառաջադրվել են: Իշխող կուսակցությունը Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, ՀՀԿ-ականներ Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանն ինքնաառաջադրվել են:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում  առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` Սասուն Խեչումյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն: Նույն պատկերն է նաև Ստեփանավան քաղաքում: Առայժմ միակ գրանցված թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանն է:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն և անկուսակցական Արտավազդ Ալեքսանյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում թեկնածություն են առաջադրել երկու ՀՀԿ-ականներ: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Կարեն Հակոբյանը: ՀՀԿ-ն Կապանում կսատարի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու` ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը:

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը և անկուսակցական Սամվել Հարությունյանը:

Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ-ական Արկադի Երանոսյանը և անկուսակցականներ Արտեմ Գալստյանը, Աշոտ Երանոսյանը և Արթուր Նալբանդյանը:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կձևավորվի 34 խոշորացված համայնք: Կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է առաջադրվել, կան համայնքներ, որտեղ թեկնածուների թիվը բավականին շատ է: Նույնիսկ կան համայնքներ, որտեղ 3-ից ավելի թեկնածուներ են մասնակցում:

ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 11 տեղական դիտորդական կազմակերպություն: Ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքը կդիտարկի մոտ 1000 դիտորդ: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 24 լրատվամիջոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]