Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լապշինը բացահայտել է Արցախում ազատազրկված դիվերսանտների հետ իրեն փոխանակելու Ադրբեջանի գաղտնի ծրագրերը

Լապշինը բացահայտել է Արցախում ազատազրկված դիվերսանտների հետ իրեն 
փոխանակելու Ադրբեջանի գաղտնի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը:

«Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից:

Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ:

Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով»,- հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման:

Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը: «Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին:

Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը:

Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ:

«Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը:

Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց:

Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն  էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am