Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրասիական ֆոնդային բորսաների միության 24-րդ վեհաժողովին Հայաստանում մասնակցում են ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ

Եվրասիական ֆոնդային բորսաների միության 24-րդ վեհաժողովին Հայաստանում 
մասնակցում են ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է Եվրասիական ֆոնդային բորսաների միության 24-րդ տարեկան վեհաժողովը: Եռօրյա միջոցառումը համախմբել է միության անդամ բորսաների ղեկավարներին, ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներին: Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը տեղեկացրեց, որ սա առաջին հանդիպումն է միության գլխավոր գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելուց հետո: Վեհաժողովի շրջանակում քննարկվելու  են  ֆեդերացիայի զարգացման հիմնական ռազմավարությունները, մասնակիցները հնարավորություն են ունենալու փոխանակելու եւ ներկայացնելու անդամ երկրների ֆինանսական շուկաների գործունեությունը:

«Կարող եմ ասել, որ մասնակցությունը բավականին ակտիվ է, մեր գրեթե բոլոր անդամները ներկա են՝ այսպես ապացուցելով թե ֆեդերացիայի, թե քննարկվելիք ռազմավարության եւ գաղափարների կարեւորությունը: Ըստ էության՝ գլխամասը տեղափոխվեց Երեւան, նաեւ ձեւավորվեց նոր անձնակազմ, նորացվեցին ֆեդերացիայի մոտեցումները, մասնավորապես՝ մենք շեշտը դնելու ենք մեր անդամ երկրների շուկաների առաջխաղացման, ներկայացման, տեսանելիության եւ  հեղինակության բարձրացման վրա՝ այսպես ապահովելով տվյալ շուկաների հասանելիությունը ներդրողների համար, ովքեր  ավելի լավ  տեղեկացված կլինեն թե Հայաստանի, թե մեր անդամ երկրների շուկաներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոնստանտին Սարոյանը՝ ընդգծելով, որ ռազմավարության հիմքում ընկած նոր գաղափարը միասնական, մարքեթինգային գործառույթների իրականացումն է, ինչը հնարավորություն է տալու տեսանելիության ընդլայնման եւ շուկաները հատկապես օտար ներդրողների համար առավել մատչելի դարձնելու համար:  

ԵՖԲՄ գլխավոր քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ վեհաժողովն, ամենայն հավանականությամբ, կկայանա Եգիպտոսում, իսկ մինչ այդ անդամ երկրները կունենան տարեկան հավաքներ ընթացիկ հարցերը քննարկելու համար:

Հարցին, թե ինչն էր գլխավոր գրասենյակը Ստամբուլից տեղափոխելու պատճառը, նա պատասխանեց.

«Ստամբուլի բորսան ուներ գաղափարական հակասություններ ֆեդերացիայի հետ, եւ ըստ էության՝ համագործակցությունը չշարունակվեց, ինչի արդյունքում որոշում կայացվեց, որ գլխամասը պետք է այստեղ լինի: Մենք էլ հանդես եկանք նախաձեռնությամբ, որ գրասենյակը Երեւանում լինի»,-նշեց Կոնստանտին Սարոյանը եւ հավելեց, որ այդ հանգամանքը նաեւ կնպաստի Հայաստանի գործունեության տեսանելիության բարձրացմանը, քանի որ այլ երկրներ կտեսնեն Հայաստանում  որակյալ ծառայություների մատուցում եւ ոչ միայն այս ոլորտում:   

«Գլխավոր գրասենյակի առկայությունը նաեւ լրացուցիչ աշխատատեղեր է, ինչպես նաեւ լրացուցիչ եկամուտ»,-շեշտեց միության գլխավոր քարտուղարը:  

ԵՖԲՄ խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆարիդը  կարեւորեց վեհաժողովի շրջանակում նոր գաղափարների, տեսակետների փոխանակումը, ինչպես նաեւ միասին ոլորտի բարեփոխումների օրակարգը մշակելու հնարավորությունը:

«Դա կօգնի զարգացնել երկրների ֆոնդային շուկաները ողջ տնտեսության զարգացման համատեքստում: Ֆոնդային բորսաների դերը միայն առեւտրի կազմակերպումը չէ, նրանք մեծ կարեւորություն  ունեն կապիտալի ձեւավորման համար ցանկացած տնտեսության մեջ, օգնում են ձեռնարկություններին գտնել ֆինանսական միջոցներ: Այն կարեւոր է ոչ միայն ֆինանսական, այլեւ կառավարման համակարգի համար»,-նշեց Մոհամեդ Ֆարիդը՝ հավաստիացնելով, որ վեհաժողովի շրջանակում ակնկալվում են բազմաթիվ փոփոխություններ ֆեդերացիայի կանոնադրության մեջ՝ այսպիսով այն դարձնելով առավել ճկուն:

Ողջույնի խոսքով նաեւ հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «ՀՀ  կենտրոնական բանկն իր առաջնահերթություններից է համարում ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիան եւ ֆինանսական շուկաների դինամիկ եւ շարունակական զարգացումը: Այս տեսանկյունից մեզ համար չափազանց կարեւոր եւ պարտավորեցնող է, որ միությունը որպես նստավայր է ընտրել հենց Հայաստանը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել անդամ երկրներին վստահության համար:  Չնայած մեր շուկայի փոքր ծավալներին՝ մենք ունենք արդեն իսկ արձանագրված հաջողություններ մի շարք ուղղություններով: Բանկային եւ ապահովագրական ոլորտներում ունենք ամուր դիրքեր, ինչը  մեզ հնարավորություն է տալիս հայացք ուղղել ֆինանսական այլ շուկաների զարգացման հեռանկարներին:  Ուզում եմ շեշտել, որ ԿԲ հիմնական մարտավարությունն է խելացի կարգավորումը, որտեղ պետք  հստակորեն հավասարակշռվի խիստ կարգավորման կարգուկանոնը շուկայում՝ այդուհանդերձ չզսպելով նորարարական լուծումները եւ զարգացումը»,-ընդգծեց Ներսես Երիցյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]