Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերի սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացման կարեւորությունը: Արփինե Հովհաննիսյանը գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը եւ դրա շարունակականությունը: ՀՀ խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Գերմանիայի աջակցությամբ այլ ոլորտներում եւս համատեղ ծրագրեր իրականացնելու կարեւորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում կողմերը կարեւորել են նաեւ երիտասարդ սերնդի դերը: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների երիտասարդների միջեւ առողջ շփումների հաստատմանը:

Քննարկվել են նաեւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր եւս


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]