Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար 
հափշտակելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին, պայմանավորվածություն ձեռք բերել` վերջինիս թարգմանչական ծառայություններ մատուցելու շուրջ: Մեծ քանակությամբ գառներ գնելու նպատակով 2017թ. օգոստոսի կեսերին ԻԻՀ քաղաքացին 34-ամյա տղամարդու հետ մեկնել է Ջերմուկի սարեր, որտեղ գնել է 1040 գլուխ գառ, այնուհետև Արարատի մարզի բնակչի հետ պայմանավորվել՝ այլ անձանցից ևս գառներ գնելու շուրջ: 

2017թ. օգոստոսի 22-ին ԻԻՀ քաղաքացին Վայք քաղաքում 34-ամյա տղամարդու միջոցով 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել Արարատի մարզի բնակչին՝ որպես կանխավճար: Սակայն որոշ ժամանակ անց, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 34-ամյա տղամարդը Արարատի բնակչին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին այլևս չի ցանկանում նրա միջնորդությամբ գառներ գնել և հետ պահանջել գումարը՝ նրան վերադարձնելու համար։

Միջնորդը վերադարձրել է որպես կանխավճար վճարված 3 մլն ՀՀ դրամը, ինչը, սակայն, 34-ամյա տղամարդը չի փոխանցել ԻԻՀ քաղաքացուն՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով այն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]