Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտանեկան մթնոլորտ, «ջիգյարով» աշխատանք ու եռանդ. այսպիսին են աշխատանքային օրերը Գյումրու տիկնիկային թատրոնում 

 Ընտանեկան մթնոլորտ, «ջիգյարով» աշխատանք ու եռանդ. այսպիսին են 
աշխատանքային օրերը Գյումրու տիկնիկային թատրոնում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցածրահարկ շենքեր, քանդակագործ սև քարեր, սալիկապատ փողոցներ. այսպիսին է արհեստների ու արվեստների, հումորի ու վարպետների, քանդակների ու ճարտարապետական այլ լուծումներով շենքերի քաղաք Գյումրին։ Քաղաքի որոշ շինությունների կողքով կարծես անցած լինի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը. 82 տարվա պատմություն ունեցող նմանատիպ շենքերից մեկն էլ Ստեփան Ալիխանյանի անվան Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է։

Շինությունը բաղկացած է երկու հարկից։ Առաջինում դահլիճն է, որտեղ բեմականացումներն են իրականացվում և հանձնվում հանդիսատեսի դատին, իսկ երկրորդ հարկում՝ արհեստանոցը, որտեղ ստեղծվում են տիկնիկները։ 1988 աղետից հետո թատրոնը բավականին շուտ ոտքի կանգնեց. աշխատակազմը գտավ, որ պետք է խաղան ու շարունակեն արարել։  


«Մեր թատրոնով, այս տարիների ընթացքում, տարբեր սերունդներ են անցել։ Մենք մինչև այսօր էլ ունենք ավագ սերնդի ներկայացուցիչ, ով արդեն 80 տարեկան է` վաստակավոր արտիստ Մելինե Սիմոնյանը, ով ներկայում էլ աշխատում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Բաղդասարյանը, ով 1992 թվականից տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և տնօրենն է։ 
Մշակութային այս օջախում ավագներից են նաև Գառնիկ և Արշալույս Պետրոսյանները, ում գործը շարունակում է նաև նրանց որդի Վահագը։ 


Տիկնիկային թատրոնում աշխատում են նաև երիտասարդներ։ «Նրանք, ովքեր կարողանում են դիմանալ այս ծանր աշխատանքին, մնում և դառնում են մեր թատրոնի մի մաս։ Մեր աշխատակազմը շատ աշխատասեր է, նրանք ջանք չեն խնայում։ Բոլորը միմյանց օգնում են և աջակցում»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը, ով կատակով թատրոնի կոլեկտիվը ընտանիք է անվանում, որտեղ ապրում է մոտ 30 մարդ։ 
Գեղարվեստական ղեկավարն անկեղծանում է, թե անգամ փեսացուներ են եկել և հենց իրենից ձեռք խնդրել, ինքն էլ բոլորին քննել ու զննել է հայրական աչքով. «Ունենք դերասանուհիներ, ովքեր երեխա էին, երբ ես դարձա տնօրեն, բայց այսօր շատերը ունեն երեխաներ, ովքեր անգամ բանակ են գնացել ու վերադարձել»։

Կոլեկտիվն այստեղ ապրում և աշխատում է առանց անհարկի ամբիցիաների։ Սա եղել է Լևոն Բաղդասարյանի պահանջը։ Առաջնորդվելով այս խոսքով և հարգելով միմյանց՝ տնօրենն ասում է, որ սերնդափոխությունը դեռ ճիշտ է ընթանում։ 
Թատրոնն այսօր գտնվում է համայնքային ենթակայության տակ, որը 2016 թվականին փոքրիկ աշխատանքներ է իրականացրել՝ բարեկարգվել է տանիքը, ապակե պատ է կառուցվել, բայց որոշ խնդիրներ դեռևս մնում են չլուծված։ Այս փաստը դերասանների աշխատունակության վրա ոչ մի կերպ չի ազդում և նրանք իրենց «օջախից» դուրս անգամ ներկայացումներ են խաղում։ 


«Չկա այնպիսի հեռավոր գյուղ, որտեղ մենք չենք եղել՝ սահմանային գյուղերում էլ ենք եղել։ Բեմադրել ենք հայերեն և գերմաներեն «Կարմիր գլխարկ»-ը։ Իսկ ռուսական կայազորի համար մեր բեմադրած ներկայացումները շատ հետաքրքիր էին և նրանք անգամ ծաղիկներով էին եկել մեր խաղը տեսնելու։ Այդպիսի բան առաջին անգամ էր»,- պատմեց Բաղդասարյանը։ 
Հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր հիշելիս նա մտաբերեց, որ շատ անգամներ թատրոնը հոսանքազրկվել է և դերասանները առանց խուճապի մատնվելու սկսել են և՛ երգել, և՛ իրենց խաղն են շարունակել։ 


«Մեր դերասաններն իրենց գործը սրտանց են անում, առանց դրա ոչնչի հնարավոր չէ հասնել։ Մենք «ջիգյարով» ժողովուրդ ենք և հենց այդ «ջիգյարը» միշտ ներդնում ենք մեր աշխատանքում։ Մենք մի ընտանիք ենք և լինում է, որ հավեսով կռվենք ու հավեսով «ջան» ասենք»,- ծիծաղելով ասում է գեղարվեստական ղեկավարը և ամբողջ կոլեկտիվը միաբերան հաստատեց, որ ավագ ու երիտասարդ սերունդների մեջ երբեք խնդիրներ չեն առաջանում։ 
Թատրոնի երկրորդ հարկ բարձրանալիս սենյակներից մեկում տեսնում ենք բազմաթիվ տիկնիկներ, որոնք սպասում են «իրենց ժամին»։ Այստեղ են ստեղծվում մոտ 2-3 կգ քաշով տիկնիկները, որոնցով էլ իրենց խաղն են ցուցադրում դերասանները։ 


Մանկական այս օջախի գլխավոր նկարիչը՝ տիկնիկագործ Վահան Հովսեփյանը, արդեն 6-7 տարի է աշխատում է այստեղ։ 
«Ամեն տիկնիկ քանդակվում և վերջնական տեսքի է բերվում տարբեր ժամանակահատվածներում։ Քանդակելը տևում է մոտ 5-6 օր, մեկ կամ երկու շաբաթ էլ ծախսվում է մեխանիզմների պատրաստման վրա։ Ես աշխատում եմ տարբեր նյութերով՝ պլաստմասե, պապիե-մաշե, սպունգ, կտոր և այլն։ Միջին չափի տիկնիկը պատրաստվում է մոտավորապես 10-15 օր»,- ներկայացրեց Վահան Հովսեփյանը։ 


«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Գյումրի այցն իրականացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։     

Լիլիթ Դեմուրյան

Գյումրի-Երևան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]