Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 4/21. «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը մանուկների նախընտրածներից է

Մանկական բեսթսելեր 4/21. «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը մանուկների 
նախընտրածներից է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: Առաջին հորիզոնականում է «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն: Այն  ներառում է պարտադիր ընթերցանության յուրահատուկ հեքիաթներ:

Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել «Շաղգամը» գիրք-փազլը: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը և երրորդն են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Առաջինից չորրորդ հորիզոնական են հասել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Թումանյանի  ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հինգերորդ տեղում «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը կրկին մեր ցանկում է: Այն զբաղեցրել է վեցերորդ տեղը: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:

Յոթերորդ հորիզոնականում է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:

«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս անգամ ութերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:

Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հանրահայտ ստեղծագործությունը: Լուիս Քերոլն ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» գիրքը:    Այն  «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի շարունակությունն է: Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 68
2 «Շաղգամը» գիրք փազլ Բուկինիստ 59
3 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 31
4 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 25
5 «Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» Անդրանիկ 24
6 Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» Զանգակ 19
7 Ղազարոս Աղայան «Անահիտ» Արևիկ 14
8 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 12
9 Քերոլ Լուիս «Ալիսը հրաշքների աշխարհում» Զանգակ 11
10 Քերոլ Լուիս «Ալիսը հայելու աշխարհում» Զանգակ 10

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]