1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը կդառնա ամենամյա

Լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթը 
կդառնա ամենամյա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետրոս Ալոյանի» անվան հիմնադրամի, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ ջանքերով առաջին անգամ Հայաստանում անցկացվեց լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական արվեստի հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան մրցանակաբաշխությունը: Հիմնադիրները մտադիր են մրցույթը դարձնել  ամենամյա: 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոկտեմբերի 31-ին  «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգում հաղթողն ստացավ պարգևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին բուհի ռեկտորը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Մեր կապը Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ ավելի արժևորվեց, երբ դեսպան Էրիկաս Պետրիկասը առաջարկեց ստեղծել մեծ հուշարձանագետի անկյուն և նախաձեռնեց  Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակի իրականացումը՝ «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ: Մրցույթի շրջանակում համալսարանի հանձնախումբն ընտրել էր 5 աշխատանք: Քննարկման արդյունքում Լիտվայի դեսպանատունը  Պետրոս Ալոյան ֆոնդի հետ միասին ընտրել էր մրցանակակրին»,-ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն ու հավելեց՝ Յուրգիս Բալտրուշայտիսին նվիրված անկյան վերջնական ձևավորումը կկատարվի 2018-ի մարտին:

«Հաճելի է լինել այս համալսարանում, որը ես համարում եմ իմ տունը: Շնորհավորում եմ մրցույթի հաղթող Շողեր Խաչատրյանին և հավատում, որ նա կարող է պահել Յուրգիս Բալտրուշայտիսի ոգին: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել այս ծրագրի հիմքում՝ սկսած Լևոն Չուգասզյանից: Երբ ես ժամանեցի Հայաստան, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանն առաջինն էր, ով ինձ տվեց գաղափար Յուրգիս Բալտրուշայտիսի մասին»,-ասաց  ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին, «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանին և Հայկ Ալոյանին:

«Առաջին անգամ է, որ ֆոնդը ֆինանսավորում է այս ծրագրին և պարտավորվել է առաջիկա 5 տարիներին մասնակցել ֆինանսավորմանը: Հուսով եմ, որ սա կբերի առաջընթաց, կմոտիվացնի ուսանողներին մասնակցելու այս մրցույթին»,-ասաց «Պետրոս Ալոյան» ֆոնդի հիմնադիր-նախագահ Հայկ Ալոյանը:

Հաղթող Շողեր Խաչատրյանի ծրագիրը Երևանի Կոնդ թաղամասի վերակազմավորման, «բուժման» նախագիծ է: «Շատ վախեցնող էր թեման, քանի որ նույնիսկ շատ ճարտարապետներ վախենում են դիպչել Կոնդին: Սակայն խնդիրը Երևանում շատ արդիական է, քանի որ Կոնդը հանդիսանում է Երևանի պատմական կենտրոնի մի կարևոր կտոր: Վերլուծություններ կատարելով՝ առաջարկել եմ թե քաղաքաշինական, թե հուշարձաններին վերաբերող լուծումներ»,-ասաց ծրագրի հաղթողը:

Ըստ նախագծի՝ ողջ Կոնդը դառնում է հետիոտների համար նախատեսված թաղամաս, արգելվում է մեքենաների մուտքը բլրի գլուխ, դրանք կայանում են ստորոտում: Ծրագրով կազմակերպված է նաև տուրիստների հոսքը Կոնդ: Շողեր Խաչատրյանը կարևորեց նաև Կոնդում պատմական հուշարձաններին ուշադրություն դարձնելը:

Ռեկտոր Գալստյանը, դեսպան Պետրիկասը և Հայկ Ալոյանը ստորագրեցին հավաստագիր և Շողեր Խաչատրյանին հանձնեցին մրցանակը՝ 1500 եվրո, որով կվճարեն հաղթող ուսանողի մագիստրատուրայի վերջին կուրսի վարձավճարը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում անցկացրած ընդամենը 4 շաբաթների ընթացքում համոզվել է, որ Հայաստանը ճարտարապետության  և պատմամշակութային ժառանգությունների երկիր է: «Այս համալսարանը Ֆրանսիայի հնագույն գործընկերներից մեկն է: Առանձնահատուկ գործընկերային կապերով կապված է Լիոնի և Կլերմոն Ֆերանի համապատասխան ճարտարապետական օջախների հետ»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ հաջորդ տարի Հայաստանի հետ համագործակցությունը ճարտարապետության ոլորտում էլ ավելի կարժևորեն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]