1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ ճնշումները կարծրանում են. թուրքագետ

Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ ճնշումները կարծրանում են. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ,  31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ցավով արձանագրում է, որ Թուրքիայում այլակարծության ու խաղաղության կողմնակիցների նկատմամբ պետական ու հասարակական ճնշումը գնալով ավելի կարծր է դառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տարածաշրջանային խաղաղություն․ իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ հանդես գալով Թուրքիայի օրինակով տարածաշրջանային բազմազանության վերաբերյալ զեկույցով՝ նա նշեց, որ եթե Օսմանյան շրջանը մասնագիտական շրջանակում ընդունված է անվանել մոզայիկ հասարակություն, որտեղ կային տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ, ապա դրանից հետո ծայրահեղ քաղաքականության ընդունումը հանգեցրեց միատարր Թուրքիայի ստեղծմանը։ «Իմ զեկույցը մոզայիկից մոնոլիտ Թուրքիայի ձևավորման մասին է, որտեղ տարբեր ազգություններն ու մշակույթները հերքվում են, ժխտվում կամ յուրացվում։ Թե ինչպես է հասարակությունը հենց այդ քաղաքականության հետևանքում դառնում այլամերժ, չի ընդունում այլ ժողովուրդների ստեղծածը, այլ փորձում է յուրացնել։ Ներկայացնում եմ այդ քաղաքականության կործանարար հետևանքները ու դրա ստեղծած այն բացասական ֆոնը, որը ունենում է տարբեր դրսևորումներ՝ ամենամեղմ այլատյացությունից մինչև ամենածայրահեղական դրսևորում՝ ահաբեկչական տարբեր կառույցների գործունեության մեջ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։ 

Մասնավորապես, նա նկատեց, որ Թուրքիայի պարագայում լավատեսության շատ քիչ տեղ կա, քանի որ նշյալ այլատյաց քաղաքականությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ «Թուրքիայի նախագահը տարբեր ծայրահեղական լոզունգներով ոչ թե նպաստում է խաղաղության ձևավորմանը, այլ էլ ավելի է խորացնում բաժանարար գծերը, ազգամիջյան կոնֆլիկտները, այլամերժությունը, որ Թուրքիայում հասել է բարձր մակարդակի»,-հավելեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Այս պայմաններում, ըստ Մելքոնյանի, երկխոսության հնարավորությունները փոքր են, բայց պետք է շարունակել աշխատանքը թուրքական հասարակության, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության այն փոքր կղզյակների հետ, որոնք կան ու կարող են օբյեկտիվության հենքի վրա քննարկումներ իրականացնել ու հասարակության լայն խմբերում ամրապնդել խաղաղ գոյակցման գաղափարը։ «Համաժողովի թուրք մասնակիցները Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն շերտն են ներկայացնում, որ բավական ակտիվ ու տեղյակ են Հայոց ցեղասպանության խնդրին ու հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտներին, այն գործիչներից են, որ Թուրքիայում ձևավորում են առավել լայն հանրային կարծիք՝ հիմնված օբյեկտիվ իրողությունների վրա»,-նշեց Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ այդ մասնակցությունը կարելի է  խիզախում համարել, քանի որ Թուրքիայում օրեցօր խորացող բռնապետական հակումների տեսանկյունից դա համարձակ քայլ է։ «Նման քննարկումներում թուրքական կողմի ներկայությունը թույլ է տալիս մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներին ավելի լավ պատկերացնել այս շերտի ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ տարածաշրջանային խաղաղությունը չի կարող ունենալ կրոնական ու դավանանքային բաժանարար գծեր, այլ ընդհակառակը դրանք պետք է ծառայեն խաղաղության կայացման գործում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 31-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, կայացավ տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]