Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է 
Դուշանբե

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի եւ Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոեւի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով: Միջպետական կապերի առավել խորացման հարցում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է պետական մակարդակով փոխայցերը եւ այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող են ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերը:

Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` կողմերը պետք է այս հարթակում օգտագործեն առկա ներուժը` նպաստելու երկկողմ շահավետ որոշումների ընդունմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Տաջիկստանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]