1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/83. «Սիդհարթա» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

Երևանյան բեսթսելեր 4/83. «Սիդհարթա» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երկրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գիրքը խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:

Չորրորդ տեղում նոր գիրք է: Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Ֆրանսիացի մեծագույն նովելիստ Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է աղյուսակում: Մոպասանի ստեղծագործությունների թեմաները` սեր, պատերազմ, բարոյականություն, սոցիալական անարդարություն, կապված են դարաշրջանի և իր անձնական կյանքի հետ: Նրա գրական ժառանգությունը համայն աշխարհի ընթերցասեր հասարակության չթուլացող հետաքրքրության առարկան է: Նովելներն ընտրել և խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Վեցերորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որը մի քանի աստիճանով բարելավել է իր դիրքեըը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Իր դիրքերը զիջել և յոթերորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր: Ժողովածուն սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Այն վեց հրատարակություն է ունեցել: Խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը ութերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի «ընտանիքը» տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Թարգմանել է Լուսինե Հարոյանը, խմբագրել՝ Ազնիվ Նասլյանը:

Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպն իններորդ տեղում է: Այն  տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելության, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության  բարդ ճանապարհի մասին։ Գրքում ներկայացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորմամբ, պայքարելու կամքով: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը, խմբագրել է Ալլա Խառատյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 34
2 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 25
3 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» Վերնատուն 16
4 Նոր Հերման Հեսսե «Սիդհարթա» Քյուրքչյան 15
5 +1 Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» Բուկինիստ 14
6 +4 Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ», Բուկինիստ Բուկինիստ 14
7 -3 Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» Անտարես 11
8 -1 Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 11
9 Հանսյորգ Շերթենլայբ, «Գիշերային լողորդը» Զանգակ 10
10 * Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]