Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու Վարպետաց փողոցում զգացվում է Մհեր Մկրտչյանի շունչը

Գյումրու Վարպետաց փողոցում զգացվում է Մհեր Մկրտչյանի շունչը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոլորիտային քաղաք Գյումրին ծնունդ է տվել մի շարք արվեստագետների՝ դերասանների, գրողների, երաժիշտների…
«Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է նրանցից մեկին՝ նշանավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանին։ Նրա թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցում, որտեղ տեղակայված են նաև Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարանները։ 


Թանգարան՝ նախկին խաշարանի շենքում 
Ներս մտնելուն պես այցելուին դիմավորում է Ֆրունզիկի մեծադիր, ժպտացող ու բարի աչքերով նկարը։ Աստիճաններով բարձրանում ենք վերև և հայտնվում դերասանի պայմանական տանը։ Այն բաղկացած է մեկ սենյակից, որը բաժանված է մի քանի հատվածի՝ ննջասենյակ, դիմահարդարման սենյակ և մի անկյուն, որտեղ տեղ են գտել նրա բեմական հագուստներն ու իրերը։ Այստեղ նախկինում եղել է խաշարան, որտեղ դերասանը սիրել է ճաշել։ 2006 թվականին Գյումրու քաղաքապետարանը հենց այս շենքն է ընտրել դերասանի թանգարան։ Այն բնակարանում, որտեղ ապրել են Մկրտչյանները, իրենց է պատկանել ընդամենը մեկ սենյակ։ 1953 թվականից Մկրտչյանը բնակվել է Երևանում։ Ամեն անգամ վերադառնալով հարազատ Լենինական (այժմ՝ Գյումրի) եկել է խաշարան կամ Ա. Մռավյանի անվան թատրոն, հավաքվել են հին ընկերները, արվեստակիցները, ծայր է առել խոսքն ու զրույցը արվեստի, կյանքի, երկրի ու ժողովրդի մասին։ 


Ֆրունզիկի «սենյակը» 
Անկյունում դրված է մահճակալը, որի վրա քնել է պատանի Մհեր Մկրտչյանը։ Պատին կախված է իր սիրելի տիկնիկը՝ խամաճիկը, կողքին էլ դերասանի ծնողների՝ Մուշեղ հոր և Սանամ մոր, նկարն է։ Հայոց ցեղասպանության ժամանակ Ֆրունզիկի ծնողները որբանում են, արտաքսվում հարազատ վայրերից և հայտնվում Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում։ Մհեր Մկրտչյանի ծնողները միասին են մեծացել, հետագայում աշխատել տեքստիլ գործարանում։ Հայրը բանվոր է եղել, իսկ մայրը՝ գործարանի ճաշարանում ափսեներ է լվացել։ Մահճակալի կողքին փոքրիկ պահարաններ են, որոնց վրա դրված են դերասանի և նրա ընտանիքի ռադիոները, լուսանկարչական խցիկը, հեռախոսը, լամպը, պատուհանագոգին՝ տպիչն ու նվագարկիչը։ Պահարանի վերևում կախված է Մհեր Մկրտչյանի կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի լուսանկարը, ով նույնպես գյումրեցի է եղել և Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի։ Դոնարան վատառողջ էր, և այդ մասին իր գործընկերներն ու հարազատները շատ են զգուշացրել Ֆրունզիկին։ Սակայն նրանք շատ են սիրել միմյանց և 1958 թվականին ամուսնացել են: Դոնարա Մկրտչյանը «Կովկասին գերուհին» ֆիլմում խաղացել է Ջաբրայիլի կնոջ դերը։ 1977 թվականին, երբ դերասանը «Միմինո» ֆիլմի շնորհիվ հասավ փառքի գագաթնակետին, անկում ունեցավ անձնական կյանքում։ Հիվանդության՝ շիզոֆրենիայի, սրվելու պատճառով Դոնարան չափազանց խանդոտ էր դարձել։ Բուժման նպատակով Ֆրունզիկը նրան մի քանի անգամ տարել էր Ֆրանսիա, ԱՄՆ, ավաղ, ապարդյուն։ Դոնարայի նկարից մի փոքր ներքև նրանց երեխաների՝ Նունեի և Վահագնի նկարն է։ Վահագնը նույնպես մահացել է hիվանդության պատճառով (2002 թվականին)։ Մհեր Մկրտչյանի մահճակալի վերևում կախված է իր նկարը, որ նկարել է հենց որդին։ «Ննջասենյակի» մյուս անկյունում դրված է Մկրտչյանների պահարանը, որտեղ կախված է Ֆրունզիկի հագուստներից։  


Անձնական իրերը, մրցանակներն ու նվերները 
Թանգարանի տարբեր հատվածներում տեղ են գտել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի կոմոդը, «01-99» ֆիլմից՝ տակառիկը, «Նվագախմբի տղաները» ֆիլմից՝ գալիկոնը։ 
Այստեղ կան նաև նրան պատկանող տարբեր իրեր, գրքեր, նվերներ, ֆիլմերից և ներկայացումներից մնացած հագուստ։ Թանգարանում պահվում են նաև Ֆրունզիկ Մկրտչյանի հետմահու երեք մրցանակները՝ «Անահիտը», «Կարոտը» և Ազգային կինոկենտրոնի մրցանակը։ 



Հարդարանքի սեղանն ու հայելին 
Հարդարանքի սեղանը բերվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնից։ Դիմահարդարման պարագաների կողքին, երևացող տեղում սեղանին դրված են Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի լուսանկարները։ Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ նրանց՝ հայ թատրոնի մեծերի հետ է մտովի շփվել Ֆրունզիկ Մկրտչյանը:


Բեմական կերպարների հագուստը 
Ցուցադրվում են «Կտոր մը երկինք», «Նահապետը», «Մեր մանկության տանգոն», «Զինվորը և փիղը» ֆիլմերում Մհեր Մկրտչյանի կերտած կերպարների զգեստները։ Թանգարանում է պահվում նաև այն հագուստը, որով Ֆրունզիկը 1992 թվականին վերջին անգամ բեմ է բարձրացել «Հացթուխի կինը» ներկայացման մեջ։ 




«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավն իրականանում է ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։ 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]