Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացմանը

ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունն առաջնային տեղ է հատկացնում սոցիալական ծրագրերին: Դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում կառուցել պոլիկլինիկա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը, գյուղը նոր պոլիկլինիկայի կարիքն ունի:

«Կարբիում ներկայում գործում է ամբուլատորիա: Այն չափերով փոքր է և մեր համայնքից բացի սպասարկում է շրջակա գյուղերի` Սաղմոսավանի, Արտաշավանի,  Օհանավանի բնակիչներին: Կարող եմ ասել, որ ամբուլատորիայի պայմաններն այնքան էլ լավ չեն: Այս նոր պոլիկլինիկան կունենա ավելի լավ պայմաններ` նոր գույք, սարքավորումներ: Նախատեսված է նաև առանձին լաբորատորիա: Ծրագրով առաջարկվել է, որ պոլիկլինիկան ունենա նաև 2 հիվանդասենյակ: Այնպիսի դեպքերում, երբ հիվանդին կարճաժամկետ պահելու անհրաժեշտություն առաջանա, հնարավոր լինի պահել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա նաև առաջարկել է, հնարավորության դեպքում, ծննդատան բաժանմունք ևս հիմնել, սակայն դա դեռ քննարկվում է: Նախնական տեղեկություններով ծրագիրը կմեկնարկի առաջիկա ամիսներին, եթե աշխատանքներն ըստ ծրագրվածի ընթանան, ապա 2018 թվականի վերջին Կարբի գյուղը կունենա նոր պոլիկլինիկա:

Դեսպանատան հետ համագործակցության փորձ ունի Տավուշի մարզի Կողբ գյուղի Բագրատ Սահակյանի անվան դպրոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը նշեց, որ արդեն 1 մլն 887 հազար դրամի աջակցություն է ցուցաբերվել, ինչի շնորհիվ տեղադրվել են պատուհաններ, դռներ:

«Դիմեցինք աջակցության համար, մեզ ասացին ներկայացրեք առաջնահերթ ծրագրերը: Մենք կիսավթարային կիսածածկ ունենք, սակայն մարզպետարանը աջակցում է,  այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: Մենք էլ մտածեցինք առաջարկել դռները, պատուհանները փոխելու ծրագիր: Մեր դպրոցը վառելափայտով է տաքացվում, նոր դռներն ու պատուհանները կնպաստեն դասասենյակներում ջերմությունը պահելուն»,-ասաց տնօրենը: Այդ աշխատանքներից հետո համագործակցությունը չի դադարի: Նոր փուլով դպրոցի մասնաշենքերում կշարունակվի դռների տեղադրման գործընթացը: Այս փուլի համար նախատեսված է 1 մլն 400 հազար դրամ: Արդեն գումարը փոխանցված է, աշնանային արձակուրդի ընթացքում դա էլ կարվի: Դպրոցում սովորում են 245 աշակերտ: Տնօրենը նկատեց, որ 1972 թվականին կառուցված դպրոցը հիմնանորոգման, գույքի թարմացման կարիք ունի:

Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատունն աջակցություն է ցուցաբերում նաև «Վեդու բժշկական կենտրոն»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը նշեց, որ աջակցության շնորհիվ մանկական բաժանմունքը կունենա նոր գույք:

«Հիմա մենք վերանորոգում ենք մանկական բաժանմունքը, դա արվում է մարզպետարանի աջակցությամբ: Մենք բաժանմունքի գույքը թարմացնելու կարիք ունենք: Մեզ խորհուրդ տվեցին դիմել ԱՄԷ-ի դեսպանին: Պատասխանը չուշացավ, և մենք շուտով կունենանք նոր մահճակալներ: Գույքը թարմացնելու անհրաժեշտություն կա, եղածը 40 տարվա է: Կարծում եմ, այս տարվա ընթացքում մահճակալները տեղ կհասնեն»,- ասաց Մելքոն Տալոյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը հատուկ նշեց, որ ընդհանուր հիվանդանոցն ունի գույքը թարմացնելու, պայմանները բարելավելու խնդիր: Մահճակալներից բացի, նոր կախիչների, պահարանների կարիք կա: Մանկական բաժանմունքում սարքավորումների առումով պայմաններն ավելի լավ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]