Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում սքրինինգային հետազոտությունները բացահայտել են որոշակի շեղումներ

Գեղարքունիքի մարզում սքրինինգային հետազոտությունները բացահայտել են որոշակի շեղումներ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, քննարկվեցին մի շարք հրատապ խնդիրներ, որոնց կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մի շարք հարցերի եւ, մասնավորապես, մարզում իրականացվող սքրինինգային ծրագրերի ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ ներկա դրությամբ մարզի բուժհիմնարկների կողմից բնակչության շրջանում շաքարային դիաբետի հետազոտությունը կատարվել է 74, արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունը՝ 64 տոկոսով: «Հետազոտությունները 100 եւ ավել տոկոսներով կատարել են Դպրաբակի, Ծովինարի եւ Զոլաքարի բուժամբուլատորիաները, Գեղհովիտի ԱԱՊԿ-ն եւ Ճամբարակի ԱԿ-ն: Իսկ Ծովակի ԱԱՊԿ-ն նախատեսված առաջադրանքը կատարել է 124 տոկոսով: Մինչեւ տարեվերջ դեռեւս բավարար ժամանակ կա, որպեսզի մյուս բուժհաստատությունները եւս կարողանան ամբողջությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,-նշեց Անուշ Պողոսյանը՝ միաժամանակ առաջարկելով հիվանդանոցային վճարովի ծառայությունների եւ սքրինինգային հետազոտությունների ընթացքին հերթական խորհրդակցությամբ անդրադառնալ նոյեմբերի առաջին կեսից հետո:
Ըստ զեկուցողի՝ այս տարվա ընթացքում իրականացված սքրինինգային հետազոտությունների արդյունքում բնակչության շրջանում հայտնաբերվել են 9112 շեղում, որոնցից 6300-ը բաժին են ընկնում զարկերակային ճնշման, 2917-ը՝ շաքարային դիաբետ, 195-ը՝ արգանդի վզիկի քաղցկեղ հիվանդություններին: Այս տարվա ընթացքում շաքարային դիաբետ հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 38 հազար 890, զարկերակային ճնշման հայտնաբերման նպատակով՝ 45 հազար եւ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով՝ 15 հազար 59 հետազոտություն:
Քննարկվեց նաեւ բժշկական թափոնների չեզոքացման խնդիրը, որի վերաբերյալ մարզպետի տեղակալը տվեց հստակ հանձնարարական՝ առաջացած բժշկական թափոնները չեզոքացնել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության հետ, օրենքով սահմանված կարգով:
Խորհրդակցության ընթացքում խոսք գնաց նաեւ մարզում «պապիլոմա» վիրուսի դեմ իրականացվելիք պատվաստումների ներդրման մասին: Վարչության պետի ներկայացմամբ՝ այս պահին կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Նոր պատվաստանյութի ներդրման կազմակերպման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի կարգադրությամբ կազմվել է համապատասխան հանձնաժողով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am