Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ալիկ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի համար նախադրյալներ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բավականին խիստ ելույթը արդյոք չի՞ խոսում այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տա, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ես դրա համար նախադրյալներ չեմ տեսնում և չեմ կարծում, որ Նախագահի ելույթը վերաբերում էր Վլադիմիր Գասպարյանի հրաժարականին»:

ՀՀ նախկին ոստիկանապետն ընդգծեց, որ  ՀՀ նախագահն այդ ելույթում ի ցույց է դրել առկա թերությունները, նախազգուշացրել, որպեսզի ոստիկանությունը իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնի դիտողությունները և այդ թերությունները հասցնի գոնե նվազագույնի:

Անդրադառնալով զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ ոստիկանության պայքարի արդյունավետության վերաբերյալ ՀՀ նախագահի դիտողություններին՝ Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ այդ հարցում ոստիկանության լիազորությունները սահմանափակ են: «Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պետք է ավելի արդյունավետ պայքար տանել, և այս զգուշավորությամբ, որն ունի ոստիկանությունը, պայքարելը արդյունավետ չէ։ Ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ չի կարելի ստուգել, չի կարելի ինֆորմացիա ստանալուց հետո ստուգել։ Ուստի ոստիկանությունը, կամա թե ակամա, որդեգրել է զգուշավորության քաղաքականություն, որովհետև եթե ստուգեն ու զենք չհայտնաբերեն, շատ ոստիկաններ կազատվեն աշխատանքից կամ նրանց նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի: Ես կարծում եմ, որ այս հարցում ոստիկանության լիազորությունները պետք է ավելացվեն», - հավելեց Ալիկ Սարգսյանը։

Ալիկ Սարգսյանը խնդրեց վերհիշել, թե երբ է վերջին անգամ ոստիկանությունը գիշերային ստուգայց իրականացրել ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու համար՝ շեշտելով, որ բավականին երկար ժամանակ չի եղել նման դեպք, ուստի նման պայմաններում պայքարը չի կարող արդյունավետ լինել:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ