Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Հայաստանի ներկայացուցիչ Միշան «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի «Բումերանգ» երգը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Միշան մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն: «Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարեւոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին եւ բարի լինել միմյանց նկատմամբ»,-նշում է երգիչը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ