1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հերոսի ծնողները». Աշոտի ազատամարտիկ հայրն առաջ է նայելու կրտսեր որդու թիկունքին կանգնելու համար

«Հերոսի ծնողները». Աշոտի ազատամարտիկ հայրն առաջ է նայելու կրտսեր որդու 
թիկունքին կանգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված  զինծառայող, 24-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հորը՝ Կարո Շահբազյանին:

Շիրակի մարզի Ախուրյան գյուղի փոքր տնակներից մեկում մի մեծ անկյուն պատկանում է Աշոտին: Հայրը մեզ նախ եւ առաջ այնտեղ է ուղեկցում, պատմում, որ որդին ոչ այդքան երկար զինվորական գործունեության ընթացքում արդեն հասցրել էր  մեծ հաջողություններ ունենալ, որովհետեւ նվիրված ու աշխատասեր մարդ էր:

Աշոտը ծնվեց 1993 թվականին, երբ Կարո Շահբազյանը հորեղբոր որդիների հետ միասին Արցախում էր: Հայրը ցույց է տալիս հին ու  եղբայրների հետ արված, հավանաբար, եզակի լուսանկարը, քանի որ նրանք զոհվել էին 1994 թվականին, իսկ Կարո Շահբազյանը վիրավորում էր ստացել  ու տեղափոխվել Հայաստան:

«Հունանն ու Աշոտը. նրանց անունով էլ որդիներիս կոչեցի. մեծիս՝ Աշոտ, փոքրիս՝ Հունան: 1988 թվականից մինչեւ 1994 թվականը Արցախում ենք եղել: Դե հիմա, պատկերացրեք՝ որդիս ում էր նմանվելու»,-ասում է նա:

Դպրոցում Աշոտը լավ սովորող աշակերտ էր, ընկերական շրջապատում՝ օգնության շտապող ու կարեկից. «Հենց ընկերներն են պատմում, որ բոլորին խորհուրդ էր տալիս, բացատրում, ներկայացնում այնպիսի բաներ, որ միգուցե լսած չլինեին»:

Հերոսը միանշանակ որոշել էր, որ սովորելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչի համար հայրը շատ ուրախ ու հպարտ էր:

«Հայրենասիրություն չեն ստիպում, դա մարդու սրտի մեջ պետք է լինի: Սա Աշոտիս մասին է: Ես անկեղծորեն այնքան էի ուրախացել,  որ ընտրել էր այդ ճանապարհը, որովհետեւ ես գիտեի՝ դժվարությունները Աշոտի համար չէին: Կյանքում չէր դժգոհում ոչնչից, ինչքան էլ նեղ վիճակում լիներ: Երբ զանգում էր, ասում էի՝ Աշոտ ջան, ամեն քայլդ պիտի կշռադատես, ասում էր՝ պապ ջան, գիտես, հերիք է միայն այն, որ  քո որդին եմ, որ ազգանունս Շահբազյան է: Այդ նախադասությունը, որ լսում էի, չգիտեմ՝ ինչ վիճակի մեջ էի հայտնվում»:

Հայրը պատմում է, որ որդին ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ինքնուրույն ընդունվել էր Երեւանի պետական համալսարան, ցանկանում էր այնտեղ եւս ուսում ստանալ:

«Իրավաբանության ֆակուլտետն էր ընդունվել: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մի օր եկավ, ասաց՝ պապ, գնում եմ Երեւան, տղաներին հանդիպեմ, գամ, երեկոյան զանգեց՝ բա, աչքդ լույս, ընդունվել եմ համալսարան:  Ընկերներով եկան տուն, նշեցինք առիթը: Ամենահետաքրքիրն այն էր, որ  համալսարան դիմած ընկերներին առաջին կուրս էին նստեցրել, իսկ Աշոտին՝ երկրորդ, ու նույնն էլ՝  ռազմական ինստիտուտում էր. մյուսներին տվել էին լեյտենանտի կոչում, իսկ Աշոտիս՝  ավագ լեյտենանտի:  Տղաներն էլ էին ասում, որ նա միշտ մի քայլ առաջ էր: Շատ-շատ բաներ էր արել իր զինվորների համար, ու ամբողջ Արցախն է այդ մասին  խոսում»,- պատմում է հայրն ու հավելում, որ որդին  նաեւ ոսկրածուծի դոնոր էր, ինչի մասին նա իմացել է միայն որդու զոհվելուց հետո, երբ այցելության են եկել ամերիկացի հյուրերը:

Աշոտին հոգեհարազատ էր հետախույզի մասնագիտությունը, սակայն սեփական փորձը հիշելով՝ հայրը խորհուրդ է տվել ընտրել մեկ այլ ուղղություն:

«Շատ լավ տիրապետում էր անգլերենի ու թուրքերենի: Նա այս տնից դուրս եկավ գիտելիքներով ու իր նպատակասլացությամբ հասավ իր նպատակին, բայց ես նրան արգելեցի միայն մի հարցում, ուզում էի՝ համեմատաբար ավելի հանգիստ մի բան ընտրի, քանի որ ես էլ եմ հետախույզ եղել, գիտեմ՝ ինչ բան է: Ընտրեց մոտոհրաձգային ուղղությունը»:

Հերոսի եղբայրը՝ Հունանը,  եւս ցանկանում էր դառնալ զինվորական, սակայն կրտսեր որդու դեպքում հայրն արդեն դեմ էր, թույլ չտվեց: Աշոտի հետ պատահածից հետո ցանկանում էր, որ փոքր որդին լինի իր կողքին:

«Ես նրան դուրս հանեցի զինվորական ոլորտից: Աշոտս վերջին կուրսում էր, ավարտեց ու գնաց եղբոր մոտ Ասկերան՝ որպես դասակի հրամանատար: Փոքր որդուս զորացրվելուց հետո նոր Աշոտս գնաց Ջաբրայիլ:  Շատ  մտերիմ եղբայրներ էին, Աշոտս դեռ դպրոցական տարիներից խորհուրդներով օգնում էր եղբորը, օգնում էր պատրաստել դասերը: Դե, Հունանս այդքան էլ չէր սիրում սովորել, իսկ Աշոտը անընդհատ սովորում ու սովորում էր, շատ մեծ կարեւորություն էր տալիս ուսմանը ու գաղափար ուներ տարբեր բնագավառներից: Նույնիսկ երբեմն մեզ էր սովորեցնում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել էր մարտի 31-ին, հարցրել սահմանին տիրող իրավիճակի մասին: Երկար տեւած զրույցի ավարտին Աշոտն ասել էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա, իսկ հայրը որդուն ինչպես միշտ՝ հնարավորինս զգույշ եղիր: 

«Ամսի 2-ին լուրերով լսեցի, թե ինչ վիճակ է Արցախում: Սկզբից ասում էին՝ հիմնական հարձակումը Թալիշի վրա է, Ջաբրայիլի անուն չէին տալիս:  Մի կողմից հանգիստ էի, գիտեի՝ Աշոտս փորձառու է, որովհետեւ այս տանից դուրս եկավ արդեն  շատ փորձառու:  Բոլորն էլ մեզ ճանաչում էին ռազմական ինստիտուտում, ասում էին՝ էս էրեխեն պատերազմի դաշտից է ելել: Զինվորները պատմում էին, որ  Աշոտը թույլ չէր տալիս ինչ-որ բան անել, ինքնուրույն պիտի ամեն ինչ աներ: Այդպես էլ վարվեց մարտի դաշտում, զինվորներին նահանջի հրաման տվեց ու նետվեց մարտի, ընկավ հերոսի մահով: Երբեմն լինում էր, որ ասում էր՝ պապ, ես չպետք է  պարզապես զոհվեմ:  Բարկանում էի, չէի ուզում, որ նման բաներ ասի, վատ էի զգում իր այդ խոսքերից, իսկ հիմա բոլոր-բոլորն են ցավում»:

Հերոսի հայրը 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո այլեւս չի մեկնում արտագնա աշխատանքի: Այժմ աշխատում է Ախուրյանի 1-ին դպրոցում որպես տնտեսվար, մեկ ուրիշ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ: Ասում է՝ առաջ նայել օգնում է փոքր որդին՝ Հունանը, ում աջակցելը նպատակների իրականացման հարցում հոր միակ նպատակն է դարձել:

«Ամեն ինչ արել եմ երեխաներիս համար ու շարունակելու եմ անել: Իմ փոքր որդու համար եմ ապրում: Ինձ նաեւ այցելում են Աշոտիս լավ ընկերները: Որ գալիս են, շատ եմ ուրախանում, նստում, լավ պատմություններ ենք հիշում:  Մի կուրսանտ կա ռազմական ինստիտուտից, այնքան էլ նման է Աշոտիս. որ մեր կողմերում է լինում, անպայման պիտի զանգի, գա ինձ տեսնելու: Ես նրան շատ եմ սիրում, շատ լավ տղա է»:

2017 թվականի հուլիսի 5-ին՝ Աշոտի ծննդյան օրը, Կարո Շահբազյանը կատարեց որդուն նվիրված հուշարձանի բացումը:  Ասում է՝ ամեն ինչ ինքնուրույն է արել, որեւէ աջակցության կարիք էլ չունի:

«Ամեն ինչն էլ մենակ եմ արել: Կարո Շահբազյանն այդպիսի մարդ է: Բոլորն էլ գիտեն՝ ով եմ ես, դրա համար շնորհակալ եմ բոլորից էլ, իրենց գումարից էլ, չեմ ուզում: Ինչ էլ, որ բերել են այս տուն, ուղղվել է եկեղեցուն ու զինվորին: Ես խաղաղություն եմ ուզում, ոչ պատերազմ:  Թող մեր երեխաները ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները, իրենց ծնողներին, նրանց բոլորին միայն լավն եմ ցանկանում»: 

Սյուզի Մուրադյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]