Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Մարտունի քաղաքում բացվեց եւ վերաօծվեց նորանորոգ Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մարտունի քաղաքում  բացվեց  եւ վերաօծվեց նորանորոգ Սուրբ Աստվածածին եկեղեցին

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բացվեց եւ վերաօծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը Մարտունու քաղաքապետարանի կողմից կատարված ներդրումների եւ 100-ից ավել մարտունեցի բարերարների շնորհիվ արդեն ստացել է իր նորանորոգ եւ երբեմնի ճարտարապետական տեսքը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանօրենի տեսուչ, գերաշնորհ Տեր-Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի եւ հանդիսապետությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի:

Վերաօծման արարողությանը նախորդել էր դռնբացեքի արարողությունը`ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանի, որի ընթացքում ջրով եւ գինով լվացվեց եկեղեցին, եւ օծվելիք սպասքն ու պարագաները:

Հիմնանորոգված եկեղեցու բացմանը եւ վերաօծմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Հյուսիսարեւելյան զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բարերարներ, հավատացյալ մարտունեցիներ:

«Այսօր մաքրագործման, վերանորոգման օր է մարտունեցիների համար: Քաղաքն ունեցավ վերակառուցված եկեղեցի, որի անհրաժեշտությունն ամենքս զգում էինք: Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր նվիրյալ մարտունեցուն այս օրվա համար»,-ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։ Ըստ քաղաքապետի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումն ու հիմնանորոգումը իրականացվել է դպրոցականների, ուխտավորների հանգանակությունների, Մարտունու քաղաքապետարանի կողմից կատարված ներդրումների, 100-ից ավելի բարերարների, անհատ քաղաքացիների ջանքերով: Ըստ նախագծի`եկեղեցին վերստին ստացել է իր երբեմնի ճարտարապետական տեսքը:

Այն քաղաքի միակ եկեղեցին է, որը տեւական ժամանակ, սկսած 1930-ական թվականներից, անմխիթար վիճակում է եղել, որը, սակայն նորանորոգ տեսքով այսօր վերադարձվեց հավատացյալ ժողովրդին: Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով: 1886 թվականին եկեղեցին վերակառուցել են հայ ընտանիքները, որոնք Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան են գաղթել ու Մարտունիում հաստատվել 1830 թվականից: Վերակառուցումը թվագրվում է 1886 թվականով:

Խորհրդային Միության տարիներին եկեղեցին վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի, հոգեւոր հովիվ Տեր-Աշոտն աքսորվել է, իսկ եկեղեցին որպես պահեստ օգտագործվել է մինչեւ 1970-ական թվականները, ապա լքվել եւ վերածվել է ավերակների: 1980-ական թվականներից Մարտունի քաղաքի բնակիչ, բարերար Ավետիք Մոմճյանը սեփական ուժերով մասնակի վերանորոգել է եկեղեցին, տեղադրել երկաթբետոնե սյուներ, ամրաններ, պանելային ծածկ, երկաթյա գմբեթ, կատարել օժանդակ կառուցապատումներ:

Թեեւ նորոգումից հետո եկեղեցին կորցրել է նախկին պատմաճարտարապետական տեսքը, բայց դրականն այն է եղել, որ այն կանգուն է մնացել`ընդունելով իր հավատավորներին եկեղեցական տոների ընթացքում։ Ինչպես հավաստեցին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, նախորդ տարվա ընթացքում բազիլիկ եկեղեցու պատերի հողային մասերը մաքրվել, ամբողջությամբ փոխվել են, փոխվել են նաև դռները, պատուհանները, կատարվել են խորանի, հատակի, հարթեցման, նստարանների տեղադրման եւ այլ կարգի աշխատանքներ: Մի շարք բարերարների միջոցներով կառուցվել է զանգակատունը:

Այս տարվա ընթացքում իրականացվել են եկեղեցու ներքին եւ արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի սեղանի, երիցատան կառուցման, բակի հարթեցման եւ սալիկապատման աշխատանքները: Խորանի վերեւի նկարազարդման եւ բեմի սրբապատկերները հեղինակել է որմնանկարիչ Աբրահամ Ազարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]