1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրքի երևանյան փառատոնը կլրացնի այն բացը, որ կա ժամանակակից գրականության հանրահռչակման գործում. Արմեն Սարգսյան

Գրքի երևանյան փառատոնը կլրացնի այն բացը, որ կա ժամանակակից գրականության 
հանրահռչակման գործում. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան փառատոնի (Yerevan book fest) նպատակը հայ ժամանակակից գրականության նորանոր անուններն ի հայտ բերելն ու նրանց ստեղծագործությունները հրատարակելն է: Եռօրյա փառատոնը կանցկացվի նոյեմբերին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ:

«Երևանում և, առհասարակ, Հայաստանում չափազանց շատ են մշակույթի տարբեր բնագավառներին վերաբերող միջոցառումները, և գրքին անդրադարձող փառատոն պարզապես անհնար էր չունենալ: Գրքի երևանյան փառատոնը գալիս է լրացնելու այն բացը, որ կա ժամանակակից գրականության հանրահռչակման գործում: Փառատոնին կանցկացվի գրքերի ցուցադրություն-վաճառք, կհայտարարվեն գրականության բնագավառում մրցույթի չորս անվանակարգերի հաղթողների անունները, որոնց գրքերը կհրատարակվեն»,-նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո հրատարակվել են տասնյակ հազարավոր գրքեր, որոնք մոռացվել են մարդկանց դարակներում, տպարաններում, հրատարակչությունների պահեստներում, և շատ ընթերցողներ դրանց մասին չգիտեն: Գրահրատարակչության բնագավառում հայ ժամանակակից գրականության հրատարակման գործընթացը թողնելով հայաստանյան հրատարակիչների մրցակցային հարթությանը՝ ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն երկրորդ տարին է՝ չի աջակցում մերօրյա գրողների գործերի հրատարակմանը նախկինում հայտնի «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով, և բազմաթիվ գրողների գրասեղաններին նոր ստեղծագործություններ են կուտակվել, որոնք ընթերցողների սեղանին դնելու կարիք կա: Այս առումով փառատոնը միջանկյալ դիրքում է. օգնում է, որ գրողն ընտրի իր հրատարակչին, որովհետև հակառակ գործընթացը, այսպես ասած,  բնականոն է։

Շարունակելով խոսել փառատոնի ընթացքում իրականացվող մրցույթի մասին՝ նա շեշտեց, որ այն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: «Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց գրողները կվստահեն իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը»,-ասաց Սարգսյանը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Փառատոնի և մրցույթի առանձնահատկությունն այն է, որ չկա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պետպատվերի և պետաջակցության ծրագրերով, որ շարունակում է իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունը (ինչպես արդեն նշվեց, այս ծրագրերով հայ ժամանակակից գրականություն այլևս չի հրատարակվելու), հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք՝ հրատարակչությունները: Իսկ փառատոնը հենց գրողին է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Սարգսյանն ընդգծեց, որ հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին  կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]