Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Անցկացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում՝ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդցարդ Նալբանդյանը նշել է, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: «1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը  սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս։

Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: «Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները:

Սոչիում անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է գործակալության ֆոտոարխիվը թվայնացնելու աշխատանքները և «history.armenpress.am» կայքի հնարավորությունները: «Իր պատմությունը 1918թ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ՝ «Արմենպրես. Պատմություն», որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին»,- ասել է Արամ Անանյանը: 

Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և IRNA-ն, տեղեկատվության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը հարցազրույց է տվել IRNA գործակալությանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության հեռանկարներին: «Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում երկու լրատվական գործակալությունների միջև պատմական տրանսֆորմացիայի: Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները համագործակցության ամուր պլան ունեն, համագործակցության բարձր մակարդակի օրակարգ, որն ընդգրկում է տեղեկատվության բոլոր ոլորտները. ոլորտներ, որոնք կան այսօր և ոլորտներ, որոնք կլինեն ապագայում: Համագործակցությունը ենթադրում է նորությունների, լուսանկարների, տեսանյութերի, տեսակամուրջների փոխանակում, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում»,- ասել է Անանյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան եւ Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին և մի քանի այլ համաձայնագրեր վավերացնելու մասին ՀՀ օրենքներ: 

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: ՀՀ Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վիճակագրություն ներկայացրեց 70 ներդրումային ծրագրերին պետական օժանդակության վերաբերյալ, որոնք ներկայում իրականաց­ման տարբեր փուլերում են: «Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ: Ըստ Կարայանի` մոնիտորինգը ցույց է տվել, որ արդեն իրականացվել է շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծվել են 3200 նոր աշխատատեղեր»,-տեղեկացրեց նախարարը:

Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից:  Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: «Այս տարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիր: Մենք սփյուռքում գտնում ենք բարերարների, կազմակերպությունների, որոնք աջակցություն են ցուցաբերում, լուծում Հայաստանի սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրները: Ընտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղ: Մենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրները, ներկայացնում դրանք սփյուռքի մեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: Գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով:

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հաստատվում է հանրության նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը:

Սփյուռք

Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը: «Նա տառապում էր ծանր հիվանդությամբ, ու վերջին օրերին կարծես կանխազգում էր իր՝ կյանքից հեռանալը: Լուսադեմին նա լքեց մեզ եւ մահից ժամեր առաջ ասել էր, որ իրեն հուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների կողքին»,-ասաց նա:

Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»:

«Գործարար կանայք» հանձնախմբի ջանքերով 32 հալեպցի կին գործարարներ մասնակցել են Դամասկոսի Միջազգային Ցուցահանդեսին: Նրանց թվում էին հայուհիներ Անժել Պոշկեզենյանը, Թալին Ալեքսանյանը, Հուրի Սիլվահյանը և Ռոզեթ Նազարյանը: Ցուցահանդեսի ավարտին, Սիրիայի Առաջին տիկինը նախագահական պալատում հանդիպման է հրավիրել գործարար կանանց, ջերմ ընդունելություն ցույց տվել` խոստանալով աջակցել նրանց:

Միջազգային խճանկար

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում Է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր Է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Այդ մասին Ժեենբեկովը հայտարարել Է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները: Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել Է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել Է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնին հղած պատասխան ուղերձում հորդորել Է նրան՝ ելույթ ունենալ իսպանական խորհրդարանում եւ պարզաբանել իր դիրքորոշումն անկախության հարցի վերաբերյալ։ Իսպանիայում դատարանը կալանքի տակ Է վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն Է վարվում խռովության գործով։ Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Կատալոնիայի Ժեներալիտետի արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեւան։ Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան հաստատել Է, որ Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:

Իրաքի ոստիկանությունը հսկողություն Է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ: Երկու հանքավայրերն Էլ գտնվում են Քիրկուկ քաղաքից հյուսիս ընկած շրջանում: Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ։ Մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրկուկից հյուսիս-արեւմուտք գտնվող բնակավայրերից մեկին: Քուրդ զինվորականների ներկայացուցիչները հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել Է «դիմագրավել հարձակումը» եւ «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում Է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն Է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:

«Ռոսնեւֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին: 

Իրանի առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ: Իրանի փոխնախագահը նշել է, որ ազգային արժույթներով երկկողմ առևտրը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:

Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի  հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները,  ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը:

Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում Է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել են դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված Էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար։

Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում Է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի Է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Քոլոջը՝ ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը: Դրանում մեծ ուշադրություն Է դարձվում սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին: «Այսօրվա դրությամբ աշխարհի 2473 միլիարդատերերի կարողությունը հավասար Է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի միագումար համախառն ներքին արդյունքին»,-ասել Է Քոլոջը:

Մշակույթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցել են հայ արտիստները։ Մրցույթի գրան-պրին շահել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը միջազգային ստուգատեսում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Հաղթական դափնի է հայրենիք բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Առաջին անգամ Հայաստանին բաժին է հասել Եվրոպայի ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդես-փառատոններից մեկի`Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: Դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը բիենալեում «Ոսկերչության արվեստ» անվանակարգում  դարձել է գլխավոր մրցանակակիր` ստանալով Մեդիչիի  «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: Դավիթ Հավհաննիսյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։ Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Ժորժ Եղիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր:

Ջերմուկում ավարտված շախմատի Եվրոպայի պատանիների  «Գրան պրի»-ի հաղթող դարձավ Կիրիլ Շևչենկոն: 2-3-րդ տեղերը կիսեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը:

Թեհրանում կայացած թենիսի մինչև 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի    ներկայացուցիչ Արթուր Սողոյանը գրավել է առաջին տեղը:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Հայաստանի թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր:

Սերբիայի Նովի-Սադ քաղաքում ավարտվել է սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեացան՝ նվաճելով ութ մեդալ. չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե:

ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, Ֆիլիպինների մրցաշարում 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, զբաղեցրեց 2-դր տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]