Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ում 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով

ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ում 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով

ՀԱՆՔԱՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` Հանքավանի «Անի ռեզորթ» հյուրանոցում կազմակերպված 2018 թվականի պետական բյուջեի նախագծին նվիրված քննարկումների ընթացքում: «ՀՆԱ-ում շուրջ մեկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ., ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,-պարզաբանեց նախարարը: Քննարկումներին անդրադարձ է կատարվում հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացումներին, ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և կանխատեսումներին, եկամուտների և ծախսերի շրջանակին:

Նշվեց, որ աշխարհի տնտեսությունները ճգնաժամին արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում ճգնաժամից հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները: Հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, մինչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժամից հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի մասով: Հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից նաև կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն պետական բյուջեի պակասուրդից: Հայաստանի պետական ներդրումները գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը: Հայաստանի ներկա պարտքի մակարդակի` 60 տոկոսի սահմանագիծն անցնելու ռիսկը բարձր է: Ինչևէ, ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը:

Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Այս կանոնների պահանջների չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: Այս կանոնները, սակայն, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության` կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի դրանից չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշում է, որ ցնցումների դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության և կբարձրացնի 60 տոկոսի սահմանագիծը, որպեսզի հնարավոր լինի կրկին պարտք վերցնել: «Խնդիրը պարտքն ավելացնելը չէ, այլ պարտքը կառավարել կարողանալն է»,-նշեց Ջանջուղազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]