Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Կենտրոն վարչական շրջանի դպրոցականները հանդիպել են անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին կազմակերպվել էր հերթական հանդիպումը վարչական շրջանի դպրոցների աշակերտների հետ: Հանդիպմանը Արա Սադոյանի հրավերով ներկա էր նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Կենտրոն վարչական շրջանից՝ հավելելով. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը  Ջ. Կիրակոսյանի անվան հ.20 , Ա. Չեխովի անվան հ.55 և Գ. Էմինի անվան հ.182 դպրոցների աշակերտներին ծանոթացրել  է վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին, բաժինների գործառույթներին և ընթացիկ ծրագրերին:

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դպրոցականներին պատմել է իր հաջողությունների և անցած ճանապարհի մասին, ինչպես նաև ներկայացրել հաջողության իր բանաձևն ու ապագայի իր ծրագրերը, որոնք կապված են հայրենիքում ապագայում լավ մարզիկներ պատրաստելու հետ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատասխանել են աշակերտների բոլոր հարցերին, ոգևորել նրանց՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից:

Հանդիպումը անցել է ջերմ և անմիջական միջավայրում: Երեխաները ստացել են  իրենց հուզող և հետաքրքրող հարցերի պատասխանները, արել բացահայտումներ  և ստացել արժեքավոր խորհուրդներ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նաև շնորհակալագրեր  հանձնեցին  Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին՝ «Երևանի կիսամարաթոն» մրցավազքում, և Կենտրոն վարչական շրջանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաներին՝  Մոլդովայում կայացած «Golden Apple 2017» երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնում արձանագրած հաջողությունների համար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորահավորել է Կենտրոն վարչական շրջանի անունը հայաստանյան և միջազգային մրցույթներում բարձր պահած ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ արձանագրած հաջողությունները կունենան նույնքան հաջող շարունակություն և առաջիկայում ևս կլինեն փայլուն հաղթանակներ:

Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ոգևորիչ և փայլուն է գնահատել մարզական միջոցառման մասնակիցների ցուցաբերած արդյունքները և մաղթել նրանց նոր հաջողություններ»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ