Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի մի շարք պաշտոնատար անձանց հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները:

Կողմերն ընդգծեցին և կարևորեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց Կիպրոսի  առաջնորդարան և հանդիպում ունեցավ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս 2-րդ-ի հետ:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց հայ-կիպրական հարաբերությունների զարգացման գործում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր բնութագիրը և խնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգը: Նախարարն ընդգծեց հայ և կիպրական եկեղեցիների միջև համագործակցության կարևորությունը, որը օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու համար:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կիպրոսի Ներկայացուցիրչների պալատում հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմիտրիս Սիլլուրիսի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կիպրահայերի հայապահպանության գործում մեծ է Կիպրոսի իշխանությունների և ժողովրդի դերը, և որ հենց նրանց բարեկամական վերաբերմունքի շնորհիվ հայ համայնքը կարողացել է գոյատևել՝ պահպանելով իր ազգային նկարագիրը՝ լեզուն, մշակույթը, ազգային դիմագիծը, և այժմ էլ շարունակում է ապրել և բարգավաճել: Նախարարը հայտնեց Հայաստանի կառավարության գոհունակությունը հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և պետական հոգատարության համար, որի շնորհիվ պահպանվում է հայ-կիպրական դարավոր հոգևոր-մշակութային ժառանգությունն ու ավանդույթները, ֆինանսավորվում են կրթամշակութային ծրագրերը և համայնքային կառույցների գործունեությունը: Նախարարը ողջունեց նաև 2015թ. Կիպրոսի օրենսդիր մարմնի՝ Ներկայացուցիչներ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժող օրենքի ընդունումը՝ նշելով, որ այս քայլով Կիպրոսը հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին և սկզբունքներին:

Ներկայացուցիչների պալատում նախարաը հանդիպեց նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ  Ստելլա Կիրիակիդեսին: Նախարաը շնորհավորեց տիկին Կիրիակիդեսին նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:

Հոկտեմբերի 19-ին  Կիպրոսի նախագահական նստավայրում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի միջև:

Հանդիպման ընթացքում երեք կողմերը պատրաստակամություն հայտնեցին՝ նպաստելու հայկական, կիպրական և հունական սփյուռքների միջև համագործակցության ակտիվացմանն ու սերտացմանը, և ընդգծեցին, որ անհրաժեշտության դեպքում կարող են հանդես գալ միասնական գործողություններով և աջակցել միմյանց տարբեր խնդիրների լուծման գործում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համագործակցելով՝ կարելի է ավելի արդյունավետ օգտագործել սփյուռքների ներուժը, և անհրաժեշտ է եռակողմ համագործակցությունը կիրառել որպես օժանդակ դիվանագիտական միջոց՝ իրենց համատեղ շահերին աջակցելու նպատակով: Երեք երկրները համաձայնություն ձեռք բերեցին՝ նպաստելու ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև տեղեկատվության փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը:

Երեք կողմերը կարևորեցին սփյուռք-սփյուռք կապերի համագործակցությունն ու սերտացումը:

Քննարկումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ երեք կողմերը լրագրողներին ներկայացրեցին քննարված թեմաների շրջանակները:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին հունական և կիպական զոհերի հիշատակին:

Բոլոր հանդիպիպումներին և միջոցառումներին մասնկացում էր նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ