Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները կայուն են համարում հայ-լեհական հարաբերությունների համապարփակ զարգացման հիմքը

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները կայուն են համարում հայ-լեհական 
հարաբերությունների համապարփակ զարգացման հիմքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ: Այս մասին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում են հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություններ՝ հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը:

Այս համատեքստում զրուցակինցները երկուստեք ընդգծեցին լեհահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-լեհական հարաբերություններում՝ նշելով, որ այն հաստատուն կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ պետությունների միջև:

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև այս օրերին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ինչպես նաև հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ Լեհաստանի Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ ի գնահատանք Լեհաստանի պատմության մեջ և մշակույթում ունեցած ներդրման:

Արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրների միջև ձևավորվել է կայուն հիմք հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակող մակարդակներում:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որ հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտակրթական և մշակութային ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբադյանն ու Վիտոլդ Վաշչիկովսկին մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապտրաստման շուրջ։

Արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Նախարարները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:

Հանդիպումից հետո Հայաստանի և Լեհաստանի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]