Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Օսման Քավալայի հետ կապված միջադեպով Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում

Օսման Քավալայի հետ կապված միջադեպով Թուրքիայի բացասական կերպարը 
փոխելու ջանքերը հօդս են ցնդում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» ՀԿ-ի նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի բերման ենթարկվելը մտահոգում է հայ գործիչներին:  Հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Արաքս Հերմոնը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Օսման Քավալան մեծ գործիչ է ու միշտ աչքի է ընկել իր մարդասիրական աշխատանքով:

«Օսման Քավալան բավական ազդեցիկ գործիչ է: Նա մեծացել է Ֆրանսիայում, հետագայում եկել Թուրքիա և իր ձեռքը վերցրել հոր բիզնեսը: Ամբողջությամբ փոխելով բիզնեսի ուղղությունը` սկսել է թե ֆինանսապես, թե բարոյապես աջակցել Թուրքիայում ապրող տարբեր ազգերին, տարբեր հարցերում նրանց կողքին կանգնել, նպաստել մշակույթի զարգացմանը»,-ասաց  Րաֆֆի Արաքս Հերմոնը:

Րաֆֆի Արաքս Հերմոնի խոսքով՝ 1915-ին կորսված արժեքները, գուցե փշրանքի ձևով ու փոքր շրջանակում, բայց գոյություն ունեն: Ըստ նրա` այս վերջին դեպքով, Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում:

Րաֆֆի Արաքս Հերմոնը նաև նկատեց, որ չի բացառվում այս բերման ենթարկելը կապված լինի Քավալայի եվրոպամետ հայացքների հետ: Նրան բերման ենթարկելով՝ թուրքական իշխանությունները փորձում են հասկացնել, որ իրենց համար Եվրոպան առաջնային չէ: Նա տեղեկացրեց, որ եվրոպացի պատգամավորներն արդեն արձագանքել են այս դեպքին:

 «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, դատապարտելով այս դեպքը, հույս հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի, և Օսման Քավալայի դեմ կատարված այս արարքը պատճառ չի դառնա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների հետ արդարության հիմքի վրա աստիճանաբար ձևավորվող մշակութային երկխոսության ծիլերի քայքայմանը:

«Վերադարձ» հիմնադրամի գործընկեր, մի շարք մշակութային ձեռնարկների համախոհ, ճշմարիտ մտավորական Օսման Քավալան ոչ միայն հայերի և անիրավության մատնված ժողովուրդների բարեկամն է, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը»,-ասաց Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ուներ Օսման Քավալայի հետ միացյալ ուժերով աշխատելու այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը և զարգացմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները Օսման Քավալայի գործունեության շնորհիվ սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ