Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զբոսաշրջային հայեցակարգի, երթուղիների մշակում, ճանաչելիության բարձրացում. կոմիտեն ամփոփում է մեկամյա աշխատանքը

Զբոսաշրջային հայեցակարգի, երթուղիների մշակում, ճանաչելիության բարձրացում. 
կոմիտեն ամփոփում է մեկամյա աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում Զբոսաշրջության պետական կոմիտեն մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Ամփոփելով կոմիտեի մեկ տարվա գործունեությունը` Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց ի հայտ եկած խնդիրներն ու կատարած աշխատանքները։ 

«Զբոսաշրջության կոմիտեի ստեղծվելուց հետո առաջին խնդիրը, որի առաջ մենք կանգնեցինք՝ Հայաստանի ճանաչելիությունն էր։ Խնդիրն այն է, որ եթե այլ երկրում մեր երկրի տեղը օտարերկրացուն բացատրելիս ասում ենք, որ Թուրքիայի կողքին է և նա հասկանում է, ապա նշանակում է, որ մենք լուրջ խնդիր ունենք»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը։ Կոմիտեն  ընտրել է 7 հենասյուն, թե ինչով պետք է զբաղվի. դրանք են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, ոլորտի պետական կարգավորումը, շուկաների զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, ենթակառուցվածքների զարգացումը, երկրի PR-ը և մարքեթինգը, մարդկային ռեսուրսների զարգացումը և միջազգային համագործակցությունը։ 
«Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում առաջին քայլը, որ արվել է՝ մշակվել է առաջին 5 տարիների զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Մենք մշակել ենք մի նախագիծ, թե այսօր ուր ենք և ուր ենք ուզում հասնել 5 տարի հետո, թե՛ ոլորտի զարգացման, թե՛ ենթակառուցվածքների և թե՛ քանակի առումով։ Մշակվել են մի շարք օրենքներ, կարգավորվում է իրավական դաշտը»,- ընդգծեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։ 


«Զբոսաշրջության մասին» օրենքի նոր նախագիծն այսօր շրջանառվում է Կառավարությունում, և, երբ բոլոր արձագանքները կլինեն և այն կլրամշակվի, կքննարկվի Ազգային ժողովում։ Զեյթունցյանը այդ նախագիծը շատ կարևոր քայլ է համարում։ 
«Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում կարևոր մի քայլ արվեց՝ ստեղծվեց Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը։ Այն ստեղծվել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացը խթանելու համար։ Համաշխարհային փորձի օրինակով՝ օրենսդիր և գործադիր մարմինների հարաբերակցությամբ։ Մենք, որպես կոմիտե, ավելի զբաղված ենք ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ոլորտի պետական համակարգմամբ, իսկ հիմնադրամի վրա դրված է տարեկան ծրագրերի իրականացումը։ Նրանք այս գործընթացում մասնավոր, ինչպես նաև բիզնես հատվածին ներգրավելու ավելի ճկունություն ունեն։ Ինստիտուցիոնալ առումով կարող եմ ասել, որ օրենքի նախագծի ընդունումն այսօր մեր առջև դրված ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այն լուծում է բազմաթիվ հարցեր՝ զբոսաշրջության վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրի ներդրում, տուրօպերատորների, զբոսավարների, հյուրանոցների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորում։ Քանի որ այսօր ոլորտը գտնվում է ոչ կառավարելի վիճակում, այդ իսկ պատճառով շատ լուրջ խնդիրների առջև ենք կանգնած՝ թե՛ ապահովության, թե՛ ինֆորմացիա տրամադրելու տեսանկյունից»,- շեշտեց Զեյթունցյանը։ 
Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ կատարվել է մի քանի հետաքրքիր աշխատանք։ Դրանցից առաջինը ճանապարհային նշանների ուղեցույցի մշակումն է, հատկապես պատմական և մշակութային հուշարձանների համար։ Նշանները հատուկ գույնի ու հատուկ ձևի են, որոնք ստեղծվել են միջազգային փորձի հիման վրա։ Նա հույս հայտնեց, որ նախագիծը կհաստատվի, որից հետո արդեն կկանգնի ֆինանսավորման հարցը։ 
Շատ ակտիվ աշխատանք է ծավալվել նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ «առաջ» և «հետո» ձևաչափով։ Աշխատանք է իրականցվել հանրության հետ, զբոսաշրջային վայրերից ստացել են բոլոր այն նկարները, որտեղ խնդիրներ կային աղբահանության հետ կապված։ Կոմիտեն անմիջապես կապվել է մարզպետարանների հետ և մեկ շաբաթվա ընթացքում ստացել են մաքրված տարածքի պատկերը։ 
Եղել են այցեր Հայաստանի մի շարք ԱԳԼՃԿ-ներ և բենզալցակայաններ, քանի որ Հայաստանում շատ լուրջ խնդիր կա սանհանգույցների հետ կապված։ 


«Մենք խոսել ենք նաև մասնավոր սեկտորի մի քանի ներկայացուցիչների հետ և պլաններ ունենք, որպեսզի ոչ միայն սանհանգույցներ լինեն, այլ նաև հանգստի կետեր, որտեղ կարելի է նաև մի փոքր սնվել, ջուր խմել, նստել և հանգստանալ։ Մեղրի-Երևան ճանապարհին հարցեր են առաջանում տղամարդկանց և կանանց համար առանձին սանհանգույցներ կառուցելու վերաբերյալ, քանի որ Իրանից մենք բազմաթիվ զբոսաշրջիկներ ենք ունենում»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը։   
Շուկաների և զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացման վերաբերյալ նա նշեց, որ գծել են Շիրակի մարզի՝ մասնավորապես Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համար համառոտ մի ծրագիր, որն արդեն ներկայացվել է։ Կա նաև Խնձորեսկ համայնքի զարգացման համառոտ ծրագիր։ 
Մի քանի օրից Հայաստան է ժամանելու իտալացի քաղաքաշինության մասնագետ, ով ներկայացնելու է Վանաձորի զարգացման հայեցակարգը։ Մշակվել է նաև Գառնի համայնքի շուրջ զբոսաշրջային արդյունք ստեղծելու ծրագիր։ 
«Մեր բոլոր հետաքրքիր միջոցառումների, փառատոնների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար պայմանավորվել ենք սահմանային անցման կետերի հետ, և արդեն ինֆորմացիոն թերթիկները բաժանվում են զբոսաշրջիկներին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում մշակվել և շրջանառվում է ինֆո կենտրոնը, տպագրված են Հայաստանի քարտեզներ։ Հայաստանում առկա է 7 ինֆո կենտրոն։ Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) մենք ունենք հայկական տաղավար և հատուկ զբոսաշրջությունը ներկայացնելու զբոսաշրջային հայեցակարգն է մշակվել»,- տեղեկացրեց Զեյթունցյանը։ 
Մասնագիտացված տուրօպերատորների ներգրավվածությամբ, Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ մշակվել է քայլարշավային 30 երթուղի։ 
5 ամիսների ընթացքում, Զեյթունցյանի խոսքով, Հայաստան այցելել է ավելի քան 50 լրագրող՝ Չինաստանից, Ֆիլիպիններից, Կորեայից, Հնդկաստանից, նաև Գերմանիայից վերջերս այցելել է 12 լրագրող։ Ընդհանուր առմամբ, 50-ից ավելի հոդված է տպվել Հայաստանի մասին։ 
«Սա աննախադեպ է, և մենք, տարբեր երկրներից լրագրողներ հրավիրելով, որոշակիորեն լուծում ենք երկրի ճանաչելիության հարցը։ Միայն Ռուսաստանից սպասվում է 50-ից ավելի լրագրող՝ տարբեր հեռուստաալիքներից, թերթերից, ամսագրերից։ Մոտ 6 և ավելի հեռուստաֆիլմեր են ցուցադրվել Հայաստանի մասին տարբեր հեռուստաալիքներով»,- եզրափակելով խոսքն՝ ասաց Զարմինե Զեյթունցյանն ու հավելեց, որ իրենք մասնակցում են նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կազմակերպած համարյա բոլոր կարևոր միջոցառումներին, որտեղ շատ կարևոր լոբբինգ է իրականացվում։ 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]