Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/82. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/82. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն 
ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: 

 Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Երրորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Մեր ցանկ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը հինգերորդն է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունները և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է համաշխարհային դասական Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի «ընտանիքը» տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» ստեղծագործությունը ութերորդ տեղում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ 

Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպը իններորդն է: Այն  տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելության, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության  բարդ ճանապարհի մասին։ Գրքում ներկայացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորմամբ, պայքարելու կամքով: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» ժողովածուն, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 45
2 +2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 26
3 +7

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
4 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 16
5 *

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ, պստլո»

Անտարես 13
6 0

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 12
7 +1

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 12
8 -3

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 10
9 *

Հանսյորգ Շերթենլայբ

«Գիշերային լողորդը»

Զանգակ 10
10 -3

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 9

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]