Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ԵԱՏՄ-ի ապագան ռազմավարական զարգացման օրակարգի իրականացումն է. Տիգրան Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարգանքը և մասնակից բոլոր պետությունների շահերը հաշվի առնելը Եվրասիական տնտեսական միության ինստիտուցիոնալ հիմքն է, ինչը թույլ է տալիս որոշումներ ընդունել, որոնք ընդունելի են միության բոլոր երկրների համար և թույլ են տալիս առավելագույնս օգտագործել ռազմավարական առավելությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա անդրադարձել է եվրասիական ինտեգրացիոն միավորման տնտեսական առաջնահերթություններին, երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության սկզբունքներին, ինչպես նաև ներկայացրել է իր տեսակետը ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ:

Այնուհետև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Սարգսյանը քննարկել է ԵՏՀ-ի ու ԵԱՀԿ մշտական խորհրդի միջև երկխոսության ասպեկտները, ինչպես նաև տնտեսական ու բնապահպանական անվտանգությանն առնչվող հարցեր: Թոմաս Գրեմինգերը ԵՏՀ ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու թվային գագաթնաժողովին, որը ԵԱՀԿ հովանու ներքո կանցկացվի 2018 թվականի հունվարին: Մասշտաբային ֆորումի կազմակերպիչն է լինելու Իտալիան:  

«ԵԱՏՄ-ի զարգացման օրակարգը հստակեցվել է մինչև 2025 թվականը և մշակվել է միության ակնհայտ մրցակցային առավելությունների՝ տրանզիտային, ինդուստրիալ և ինտելեկտուալ պոտենցիալների,  հումքի և բնական ռեսուրսների բազմազանության, շուկայի հզորության, որն ընդգրկում է 180 մլն մարդ, և փոխադարձ շփման պարզության  հիման վրա»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ առաջընթացի հիմնական ուղղություններն են լինելու այնպիսի ծրագրերը, որոնք թույլ կտան ապահովել զուգակցումը Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների տնտեսությունների թվային փոխակերպման նախաձեռնությունները:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ի զարգացումը և ծրագրերի իրականացումն ակտիվորեն կփոխլրացնեն մեկը մյուսին: ՉԺՀ-ի և ԵԱՏՄ երկրների հիմնական փոխգործակցությունը կլինի առևտրատնտեսական համաձայնագիրը, որի ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է:

Տիգրան Սարգսյանը հատուկ ուշադրություն է հրավիրել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների վրա, որի պտուղները կկարողանան օգտագործել ոչ միայն ԵԱՏՄ երկրներն ու Չինաստանը, այլ նաև Եվրոպան: Միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը, տրանսսահմանային միջանացքների ստեղծումը կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունը և կստեղծի բիզնես գործընկերության նոր հնարավորություններ:   

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ