1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Լեհաստանի նախագահ

Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Լեհաստանի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն մեկնարկել է հոկտեմբերի 18-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների` բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով: «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ: Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ-լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար: ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցության զարգացումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, վստահեցրել է, որ իր երկիրը եղել եւ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը:

Անջեյ Դուդայը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ հույս հայտնել, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կխորանան:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]