Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց Ռուսթավելի փողոցը


ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հիմնանորոգումից հետո վերաբացվեց Ռուսթավելի փողոցը: Փողոցի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Փողոցը բացվեց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ ու աղոթքով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ  Կառավարության  և «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի  Գյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված  պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի  վերականգման առաջին փուլն ընդգրկում է  «Ռուսթավելի» և «Շիրազի» փողոցների վերականգնումը:  Ծրագիրն իրականացվելու է փուլային կարգով:  Սայաթ-Նովա  փողոցը Շիրակացուն կապող «Ռուսթավելի» փողոցի հիմնանորոգման աշխատանքները  բավական բարդ աշխատանք էին ինժեներական տեսանկյունից և եզակիներից Հայաստանում:  Տարածքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը փոխվել են ստորգետնյայի, ինչն էլ հնարավորություն է տվել  վերջապես  «ազատվել» հին և վտանգավոր էլեկտրասյուներից և էլեկտրալարերից:  Փողոցի վերին շերտը ունի բետոնյա սալեր, որի վրա տեղադրվել են  սալաքարերը:   Աշխատանքերների բարդության պատճառով փողոցի շահագործման  վերջնաժամկետը մի քանի անգամ փոփոխվեց:


Երբ աշխատանքները սկսվեցին, շինարարները չնախատասված խնդիրներ շատ հանդիպեցին՝  հիմնականում քարիզների հետ կապված: Խնդիրը լուծվեց  նախագծային կազմակերպությունների, ճարտարապետների  և ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության մասնագետների հետ համատեղ:
Ռուսթավելի  փողոցը գտնվում է «Կումայրի»  պատմամշակութային արգելոցի տարածքում: Փողոցի  երկարությունը կազմում է  740 մետր լայնությունը՝  11.5 մետր:   Իրականացվել են փողոցի  ծածկի վերին շերտի  բետոնային աշխատանքեր  և տեղադրվել են գրանիտե  սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝  բազալտե սալեր: Փողոցում  տեղադրվել են նաև  արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ, աղբամաններ  և ծաղկամաններ:
Նախաձեռնող խումբը վստահ է, որ Գյումրիի զարգացմանը կնպաստի պատմական տուրիզմի զարգացումը: Քաղաքի վերականգնվող հատվածի շարունակականությունը ծրագրի հեղինակները տեսնում են նաև արհեստների ու արվեստների զարգացման ոլորտում:  Ներդրումային այս ծրագիրը ենթադրում է ոչ միայն տարածքների ու ենթակառուցվածների  վերականգնում, դրսից ներդրումների իրականացում, այլ նաև աջակցություն տեղաբնակներին՝ գործունեություն ծավալելու:


Փողոցի վերաբացումն իրական տոնի էր վերածվել՝ ամեն քայլափոխին ուրախ շնորհավորանքներ ու հյուրասիրություն, ինչը վկայում էր այն մասին, որ օրն իրոք սպասված էր ՝ գյումրեցիների սիրած փողոցներից մեկը նորովի էր ներկայացվել՝  հնից ոչ պակաս գեղեցիկ:


ՀՀ  վարչապետը խոստացավ ՝  հաջորդ փողոցը՝ Շիրազը, երկար սպասեցնել չի տա: «Փողոցը շատ է դուր եկել: Հաջորդը լինելու է  Շիրազը,  ապա միջանկյալ փողոցները՝ ողջ տարածքը»,-լրագրողներին նշեց ՀՀ վարչապետը՝ փաստելով՝ Ռուսթավելին նորացված հինն է: Իսկ Գյումրիում իր ընտանքի կողմից դեռ միայն մեկ անշարժ  գույք  է ձեռք բերվել:


Կատարված աշխատանքի ու Գյումրու հանդեպ ուշադրության համար  ՀՀ  վարչապետին ու կառավարության  իրենց շնորհակալությունը հայտնեցին ինչպես քաղաքապետն, այնպես էլ հասարակ գյումրեցիները՝ վստահեցնելով, որ նման ուշադրության կարիք Գյումրին զգում էր: «Ես վստահ եմ՝ մարտին կսկսենք Շիրազի փողոցի  շինարարությունը, ապա միջանկյալ փողոցների ու այսպես շարունակ:  Մեր քաղաքը վերականգնվելու է»,- նշեց Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ՀՀ   վարչապետի գլխավորած պատվիրակությունը քայլեց Ռուսթավելի փողոցով, ապա նաև հարակից Շիրազի, ծանոթացավ նաև այն տարածքներին ու կառույցներին, որոնք նախատեսվում են վարեկանգնել հաջորդաբար:

Արմենուհի Մխոյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ