Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

«Տղաներ, որ ելան մարտի». Ռուբեն Առաքելյանը ցանկանում է շուտ բուժվել և վերադառնալ Հայաստան 


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռուբեն Առաքելյանի պատմությունը։ 

Ռուբենի հետ «հանդիպեցինք» համացանցում, քանի որ նա ժամանակավորապես հաստատվել է Գերմանիայում։ Շատ անմիջական, բարի և պարզ, ինչպես նաև քչախոս երիտասարդ է։ Հարցերիս շատ լակոնիկ պատասխաններ էր տալիս, բայց դրանցում երևում էին նրա նպատակասլացությունն ու զսպվածությունը։ 
Ունի բազմաթիվ նախասիրություններ՝ սիրում է երգեր լսել, կինո դիտել, կարդալ, ընկերների և հարազատների հետ շփվել ինտերնետի միջոցով։ 
Դպրոց է հաճախել մինչև 9-րդ դասարան, ապա ընդունվել է արհեստագործական ուսումնարան. «Դպրոցից հետո սովորել եմ արհեստագործական ուսումնարանում՝ փայտամշակման բաժնում։ 3 տարի սովորել եմ այնտեղ և ավարտելուց հետո զորակոչվել բանակ։ Դեռ ուսումս շարունակելու պլաններ չունեմ»։ 
Բանակ գնալուց առաջ՝ սիրողական մակարդակով, զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով։   
Ինչպես բոլոր մարդիկ, Ռուբենն էլ հեռանկարային նպատակներ ուներ իր առջև դրած, բայց ինչպես ինքն է ասում, ապրիլյան պատերազմն իր կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխեց։ 
«2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերն իմ կյանքը լիովին փոխեցին։ Հիմա երազանքներս ու նպատակներս այլ են՝ ցանկանում եմ շուտ բուժվել, ոտքի կանգնել և վերադառնալ Հայաստան»,- պատմում էր Ռուբենն, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում էր ստացել։ Նա այդքան էլ շատ չի սիրում պատմել այդ դեպքերի մասին, ուղղակի ցանկանում է, որպեսզի խաղաղություն լինի և հայ ազգն այլևս պատերազմ չտեսնի։ 
Ապրիլի 7-ին շարքային Ռուբեն Առաքելյանը, ով դեռ 9 ամսվա զինծառայող էր, Թալիշում ստացել էր ողնուղեղային վիրավորում և դիրքերից տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այսօր Ռուբենը բուժում է ստանում Գերմանիայի Բոն քաղաքում։ 
«Ներկա պահին միայն ձախ ձեռքս եմ շարժում։ Վիրահատություն դեռ չեմ ունեցել և դեռ պարզ չէ կլինի՞ ընդհանրապես վիրահատություն, թե ոչ։ Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակ է հարկավոր լիարժեք վերականգնվելու համար»,- ասում է մեր պատմության հերոսն ու ավելացնում, որ Հայաստան կվերադառնա, երբ ինքնուրույն լինի։ 

Լիլիթ Դեմուրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ