Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Վիգեն Սարգսյանի համար հայրենասիրությունը սկսվում է Նարեկացու ընկալումից


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հայրենասիրություն չի կարող գոյություն ունենալ առանց Նարեկացու ընկալման և պատկերացման, առանց ողջ աշխարհում քո ազգային ինքնության ու ժառանգության իմացության: Հայրենասիրությունն այսպես է մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայրենասիրությունն իմ խորին համոզմամբ` ազգային ինքնության լիարժեք գիտակցումն է, որովհետև երբ հայրենասիրությունը չի հենվում քո երկրի, քո ժողովրդի, քո պատմության, քո արմատների խորը իմացության վրա, ուրեմն այն ավելի շատ ձև է, քան բովանդակություն: Այն պահանջում է ինքնաճանաչում ու ինքնագիտակցում, անընդհատ աշխատանք քո արմատները հասկանալու ու գնահատելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը հանրային դասախոսության ժամանակ` պատասխանելով «Ի՞նչ է հայրենասիրությունը Ձեզ համար» հարցին:

Վիգեն Սարգսյանի խոսքով` սահմանափակ տարածքով ու փոքր բնակչությամբ Հայաստանը պետք է գիտակցի, որ համաշխարհային ժողովուրդ է, որն աշխարհի ամենատարբեր վայրերում թողել է իր կարևոր մասնիկը: «Խոսքը Երուսաղեմից մինչև Լիբանանի Զմառի վանքում պահվող մեր ժառանգությունն է, Սուրբ Ղազար կղզուց մինչև Միացյալ Նահանգների ազգային գրադարանում պահվող ժառանգությունն է: Այն ամենը, որ մեզ դարեր շարունակ սնել է ու դարձրել այնպիսին, ինչպիսին այսօր կանք»,-հավելեց նախարարը:

Նախարարի համար որքան զարմանալի, այնքան էլ օրինաչափ է, որ հայերը հայրենասեր եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ չեն ունեցել պետություն ու պետականություն: «Այն յուրահատուկ հայրենասիրություն է, դա նշանակում է, որ մեր սերն ու հավատարմությունն ավելին է, քան 29 հազար քառակուսի կիլոմետրն ու երեք միլիոն բնակչությունը»,-եզրափակեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի` «Առաջնորդությունը հանրային հատվածում» ելույթը կայացավ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում, որի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ