Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Երևանը հոկտեմբերի 21-ին կմիանա համապետական շաբաթօրյակին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առաջիկա շաբաթ օրը համապետական շաբաթօրյակ անցկացնելու առաջարկը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցներին հանձնարարել է հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միաժամանակ, շաբաթօրյակի կազմակերպման պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին` ներգրավելով նաև շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքներ կազմակերպել մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ:
Միաժամանակ, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում նախորդ շաբաթ սոցցանցերով գրանցվել է շուրջ 100 հասցե, որոնք փոխանցվել են օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը:

Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է նաև խիստ հսկողություն սահմանել շաբաթօրյակի ընթացքում կուտակված տերևները համապատասխան վայր տեղափոխելու և դրանց այրումը բացառելու ուղղությամբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ