Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը Բիլ Ասթնին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

Արա Բաբլոյանը Բիլ Ասթնին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի 
հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Քավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, վստահեցրել է, որ նրանց ուղղված շնորհակալական խոսքերը լսելի են բոլորին, որովհետեւ բարերարների կողմից իրականացվող «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը հաջողություններ է արձանագրել:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվող Քավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ ապահովելով սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց հատուկ լսողական սարքերով:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով գործ ունենք մարդկային հոգու գեղեցկության, օգնելու եւ աջակցելու անշահախնդիր ցանկության հետ, որոնք գոյություն ունեն «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր նախագահ Բիլ Ասթնի եւ Քավուկջյան ընտանիքի ներաշխարհում:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով բարերարներին մարդասիրական գործունեության համար, նշել է, որ հնչեցնում է ոչ միայն ծրագրի շահառուների, այլեւ նրանց ընտանիքների ու հարազատների երախտիքի խոսքը:

Պարգեւատրման արարողությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հոկտեմբերի 15-17-ն անցկացվում է «Սթարկի»-ի բարեգործական առաքելությունը: Խորհրդարանի նախագահը շրջել է սրահում, զրուցել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]