Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախատեսվում է ներառական ամբողջական կրթություն իրականացնել 


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով նախատեսում է նախակրթարաններում ներառական կրթություն իրականացնել։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը։ 


-
Ի՞նչ են իրենցից ներկայացնում նախադպրոցական հաստատությունները, և ո՞րն է սահմանված տարիքը։ 
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունը մի կառույց է, որն իրականացնում է նախադպրոցական կրթադաստիարակչական ծրագրեր։ Նախադպրոցական կրթությունը ՀՀ շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է։ Նախադպրոցական տարիքը սկսվում է 0-ից և շարունակվում մինչև 6 տարեկան, իսկ 6-18 տարեկանը համարվում է դպրոցահասակ փուլ։  
- Ինչպիսի՞ ծրագրեր կան երեխաների համար։ 
- Նախադպրոցական հաստատությունում իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագիր, որը հաստատվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով։ Բոլոր տարիքային խմբերի համար մենք ունենք հաստատած ծրագրեր՝ վաղ մանկություն (0-3 տարեկան), միջին (3-5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) տարիքային խմբեր։ Ցանկացած նմանատիպ հաստատություն՝ անկախ կազմակերպական ձևից (պետական, մասնավոր, համայնքային, գերատեսչական), իրականացնում է այդ կրթական ծրագիրը։ Նախադպրոցական հաստատությունների կազմակերպչական ձևերը համայնքային են և նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Կրթության և գիտության նախարարությունը իր ենթակայության տակ գործող նախադպրոցական հաստատություն չունի։ Նախադպրոցական կրթությունը կարգավորվում է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև կան մի շարք իրավական ակտեր, որոնք ամբողջությամբ կարգավորում են այդ ոլորտի գործունեությունը։ 
- Ինպե՞ս են իրականացվում այդ հաստատությունների ֆինանսական հարցերը։ 
- Նախադպրոցական հաստատությունների ֆինանսական հարցերը լուծվում են և՛ քաղաքապետարանի, և՛ վարչական շրջանների որոշմամբ, իսկ մարզերում որոշում են ավագանիները, թե իրենց նախադպրոցական հաստատությունում որքան գումար պիտի ծախսվի յուրաքանչյուր սանի՝ սննդի, կոմունալ ծախսերի համար։ Մեր գերատեսչությունը մասնակցում է նախադպրոցական կրթությանը բովանդակային մասով, ինչպես նաև հաստիքային ցուցակներն ենք հաստատում։ 


- Կրթական ի՞նչ ծառայություններ են իրականացվում նախակրթարաններում։ 
- ՀՀ-ում իրականացվում է երկու տիպի կրթական նախադպրոցական ծառայություն, սակայն մտածում ենք ավելացնելու մասին, որովհետև այդ տարիքի ընդգրկվածությունը փոքր է։ Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք մի քանի տարի իրականացնում ենք նախակրթարանների ծրագիրը։ Այդ բանկի կողմից հատկացվում է գումարի 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը՝ համայնքի մասնակցությամբ։ Այն համայնքը, որտեղ որոշվում է, որ իրենք պատրաստ են նախակրթարան բացել և չունեն մանկապարտեզ՝ մասնակցում են այդ ծրագրին, և մենք հաջողությամբ իրականացնում ենք այն։ Սա միայն ավագ տարիքայինների համար է՝ 5-6 տարեկանների, որոնց ընդգրկվածությունը մոտ 78 տոկոս է։ Ընդհանուր ընդգրկվածության խնդիր, այնուամենայնիվ, կա։ Մենք այսօր արդեն մի շարք ծրագրեր ենք մշակում, որոնցից մեկն արդեն Կառավարության ծրագրով էլ ամրագրված է՝ այլընտրանքային մոդելների կիրառման մեխանիզմները։ Այսինքն՝ ոչ միայն ավագ տարիքային խմբերի համար լինեն նախակրթարաններ, ոչ միայն ավանդական գործող մանկապարտեզներ, այլ նաև տնային կամ կարճաժամկետ (օրվա մեջ մի քանի ժամ) մանկապարտեզներ լինեն։ Այս մոդելները փորձնական կիրառել է UNICEF-ը։ Այս մոդելների կիրառումը կնպաստի, որպեսզի մեր երեխաները՝ հատկապես ավագ տարիքային խումբը, մինչև դպրոց հաճախելը հնարավորություն ստանան հավասար մեկնարկ ունենալ իրենց հասակակիցների հետ։ 
- Ընդհանուր առմամբ այսօր քանի՞ հաստատություն կա և քանի՞ երեխա է սովորում։ 
- Եթե խոսենք թվային տվյալների մասին, ուրեմն մենք այսօր ունենք մոտ 608 մանկապարտեզ, որոնցից 160-ը Երևանում են։ Սրանք մանկապարտեզներն են, այլ ոչ թե նախակրթարանները։ Այսօր 3-5 տարեկան երեխաների թիվը 125 490-ի է հասնում, որից 5-6 տարեկանները 42 704 են։ 3-6 տարեկանների պարագայում ամբողջ ընդգրկվածությունը 83 363 է կազմում, իսկ 5-6 տարեկաններինը՝ 33 730։ Այս ընդգրկվածությունը մենք դեռևս համարում ենք ոչ բավարար։ 
- Մինչև դպրոց հաճախելը ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար հատուկ ուսուցում իրականացվո՞ւմ է։ 
- Ներառական կրթություն կազմակերպելուց առաջ մենք պետք է գնահատենք երեխային և հասկանանք՝ արդյոք այդ երեխան առանձնահատուկ կրթության կարիք ունի՞, թե ոչ։ Ստուգումն իրականացվում է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից։ 2016 թվականից մենք համընդհանուր ներառման ենք անցնում՝ վերակազմակերպում հատուկ դպրոցները։ Արդեն ստեղծվել են մեկ հանրապետական և յուրաքանչյուր մարզում տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք աջակցելու են դպրոցին, մանկապարտեզին և, առհասարակ, այդ տարածքում ապրող երեխաներին։ Մինչ այս մենք չենք ունեցել այդ հնարավորությունը, և այդ պատճառով երեխան մեծ մասամբ ուշադրության կենտրոնում է եղել դպրոց հաճախելուց հետո։ Այժմ մենք այդ տարածքների միջոցով՝ Սյունիքի, Լոռու, տարեվերջում նաև Տավուշի մարզերում, այդ կարիքի գնահատումը կապահովվի։ 
- Ի՞նչ խոչընդոտներ կան ներառական կրթությունը նախակրթարանից սկսելու համար։ 
- Մի քանի խոչընդոտներ կան՝ շենքային պայմանները և ֆինանսավորումը։ Դպրոցներում երեխաները աշակերտի թվով ֆինանսավորում են ստանում, և դա հստակ որոշված գումար է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Նախադպրոցական հաստատություններում ֆինանսավորման մեխանիզմը մի փոքր այլ է, և հարց է առաջանում, թե ով և ինչպես պետք է ֆինանսավորի կրթական կարիքն ապահովող միջոցները։ Մեկ խնդիր էլ կա այս հարցում՝ դաստիարակները, տնօրենները դեռևս վերապատրաստված չեն և դժվարությամբ կարող են իրականացնել այդ ներառական կրթության ծրագիրը։ Սա, իհարկե, շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան ֆինանսավորման աղբյուրներ գտնելը։ Այդ հարցը մեր առաջիկա նախագծերում լինելու է, և մենք անպայման անդրադառնալու ենք այդ հարցին։ 
- «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը փոփոխվում է. ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը։ 
- Մենք հիմա սկսել ենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության հանրային լսումները, որը երկու առումով վերանայվել է։ Մի կողմից ներառական կրթությունն է, այսինքն՝ մենք նախադպրոցական հաստատություններում էլ ենք հռչակում ներառական ամբողջական կրթություն։ Երկրորդ մասը կազմված է մի քանի բաղադրիչներից՝ ֆինանսավորում, դաստիարակների և տնօրենների վերապատրաստում և այլընտրանքային մոդելներ։ Այժմ մենք փորձում ենք բարելավել և մի քանի աստիճանով բարձրացնել նախադպրոցական կրթության մատուցման ձևը։ Կրթության առումով մենք բավականին մոտ ենք միջազգային ծրագրերին, և սա միջազգային փորձագետների գնահատականն է։ 

Հարցազրույցը`Լիլիթ Դեմուրյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ