Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ականավոր հայ թարգմանիչներն արժանացան «Կանթեղ» մրցանակի

Ականավոր հայ թարգմանիչներն արժանացան «Կանթեղ» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Մարգարիտ Թերզյանը, Իրինա Քարումյանը, Արա Առաքելյանը,  Ֆելիքս Բախչինյանը, Վարանդը:  Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվեց հոկտեմբերի 14-ին Օշականում:

Գրողների միության անդամները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը  դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է: Վերջին տարիներին թարգմանություններ են իրականացվում պարսկերենից հայերեն և հակառակը,  բուլղարերենից, լիտվերենից, ֆրանսերենից, անգլերենից և այլն։ Սա նաև նշանավորումն է այն մեծ թարգմանիչներին, ովքեր Աստվածաշունչն են թարգմանել, մեր լեզվի, գոյության, նշանակության համար հսկայական դեր են խաղացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում զարգանում է թարգմանիչների մի խումբ, որը հայերենից օտար լեզուներով է թարգմանում հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

Արա Առաքելյանի խոսքով` մրցանակը ոչ թե մեկ գրքի, այլ տարիների աշխատանքի գնահատականն է:  «Վերջին նշանակալից գործը, որը թարգմանել եմ հայերեն  Հերման Հեսսեյի «Հուլունքախաղ» վեպն է: Մինչ այդ թարգմանել եմ նրա «Տափաստանի գայլը» գիրքը, Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններից մի քանիսը: Թարգմանությունը գրականության կարևորագույն ու անբաժանելի մասն է»,-ասաց նա և շնորհավորեց բոլոր թարգմանիչներին գեղեցիկ տոնի կապակցությամբ:

 Պարսկաստանից Հայաստան ժամանած գրող և թարգմանիչ Վարանդը ընդգծեց, որ, չնայած ծնունդով Իրանից չէ, այնտեղ է ապրել ու կրթություն ստացել: Նա իր հոգու պարտքն է համարել հայերեն թարգմանել վերջին հարյուրամյակի իրանական լավագույն բանաստեղծությունները, որպեսզի հայերը ծանոթանան Իրանի գրականությանը, յուրահատուկ մտածողությանը: «Թարգմանել եմ Իրանի ժամանակակից պոեզիան: Կարծում եմ, որ գիրքը Իրանի արձակ պոեզիայի առաջին ամբողջական ու ամփոփ անթոլոգիան է»,-նշեց թարգմանիչը:

Գրողների միությունը վերջին 20-30 տարվա ընթացքում Թարգմանչաց տոնը նշել է միջազգային մակարդակով, տարբեր երկրներից Հայաստան են հրավիրվել  գրողներ, թարգմանիչներ: Վերջին  տարիներին հիմնվել է «Կանթեղ» անունով մրցանակ, որը տրվում է Սփյուռքի և Հայաստանի լավագույն թարգմանիչներին:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]