Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջերմուկը կդառնա առողջ և արկածային հանգստի, իսկ Վանաձորը` արդյունաբերական զբոսաշրջության կենտրոն

Ջերմուկը կդառնա առողջ և արկածային հանգստի, իսկ Վանաձորը` արդյունաբերական 
զբոսաշրջության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի հսկայական ներուժ որպես աուտենտիկ, գաստրո, գինու և կրոնական զբոսաշրջության ուղղություն: Այս կարծիքին է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով` հենց այս ուղղություններով էլ ներկայացել է Հայաստանը «Leisure 2017» համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսում:

«Այս միջոցառմանը մասնակցելիս փորձել ենք մոտեցումը փոխել, թե ինչ ենք վաճառում: Սովորաբար, տուր-օպերատորն էր ներկայանում`հետաքրքրվողներին ասում էր` ես այս բաները քեզ կարող եմ առաջարկել: Այս անգամ մենք ներկայացրել ենք գաստրոտուրիզմը, գինու, աուտենտիկ, մշակութային ու կրոնական ուղղությունները, ասել ենք սա մեր ֆասադն է, այն ինչ ունենք, սա էլ տուր-օպերատորներն են, եթե ձեզ հետաքրքրում է մեր երկիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խաչատուրյանը:

Զբոսաշրջության ոլորտում առաջին քայլը, որ անում են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, փաստաթղթերի, եղած ծրագրերի, մաստեր պլանների, տեղի խաղացողների ուսումնասիրությունն է: «Մենք մտածում ենք` ինչպես արդեն մատուցվող ծառայության ցիկլի մեջ ինչ-որ բան ավելացնենք, որակ բարձրացնենք ու ավելացված արժեք տանք այնտեղ»,-նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:

Ներկայում ՌՆԿ աշխատակիցներն ու մասնագիտական խումբն աշխատում են Ջերմուկի` որպես առողջ և արկածային կենսակերպ կազմակերպող հանգստի կենտրոնի, Վանաձորի` արդյունաբերական զբոսաշրջության կենտրոնի (ակնկալվում է վերափոխել արդյունաբերական կառույցները համերգային դահլիճների, հյուրանոցային և հանգստի գոտիների), Զվարթնոց, Ամբերդ և այլ մշակութային հուշարձանների համար հատուկ զբոսաշրջային պրոդուկտների ստեղծման խոշոր ծրագրերի վրա:

Խաչատուրյանի խոսքով` Ջերմուկի ծրագրի իրականացման համար նախնական հաշվարկով 10 միլիոն դոլարի ներդրում է հարկավոր: Վանաձորի մասով դեռ հաշվարկներ չկան, կոնցեպտի մշակման աշխատանքներն են ընթացքի մեջ, հաջորդ շաբաթ կհստակեցնեն, թե ինչ ժակետներում այդ ծրագիրը կարող են վերածել արտադրանքի: Զվարթնոցի ու Ամբերդի ծրագրի կոնցեպտի շուրջ կաշխատեն Վանաձորի ծրագրից հետո: Նշյալ ծրագրերը ներդրողներին հասանելի կդառնան investmentprojects.am հարթակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]