1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/81. «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» և «Մինչև մեռնելն ապրել է պետք» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

Երևանյան բեսթսելեր 4/81. «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» և «Մինչև 
մեռնելն ապրել է պետք» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է  Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գիրքը: Հուշերի եւ երևակայության «խառնուրդից» ծնված 15 պատմվածքների մեծ մասն Արցախյան պատերազմի ու այդ տարիներին Հայաստանում տիրող մարդկային հարաբերությունների մասին են, դրանց կողքին իսպանացի դիվանագետն ու թուրք գեներալն են՝ հուշեր ռազմադիվանագիտական ծառայությունից: Բոլորն իրական կերպարներ են:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երկրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Երրորդ հորիզոնականում է Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը, որը շրջադարձային կետում հայտնված մի սերնդի պատմությունն է: Գրողի հետադարձ հայացքը գուցե ինչ-որ տեղ դիտմամբ ու ներողամիտ անփութությամբ շրջանցում է որոշ մանրամասներ, փոքր-ինչ գունազարդում առօրյան, որովհետև հուշերն անգամ գորշությունը պայծառացնելու հատկություն ունեն, բայց այնուամենայնիվ, սերնդի պատմությունն առարկայանում է և դառնում ժամանակաշրջանի պատմություն՝ բնորոշ կերպարներով, հոգեբանությամբ ու հարաբերությունների բնույթով:

Իր դիրքերը մեկ հորիզոնականով բարելավել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրք զգալիորեն զիջել է իր դիրքերը: Այն այս շաբաթ հինգերորդն է: Գիրքը ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ 

Վեցերորդ հորիզոնականում է համաշխարհային դասական Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Դիրքերը զիջել և յոթերորդ տեղն է զբաղեցրել  Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և ութերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» այս անգամ կրկին իններորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ հին հայկական ճանապարհին» Անտարես 52
2 0 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 50
3 Նոր Մհեր Իսրայելյան «Մինչև մեռնելն ապրել է պետք» Անտարես 34
4 +1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 29
5 -4 Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» Ասողիկ 11
6 -3 Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» Բուկինիստ 10
7 -1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 9
8 0 Ռեյ  Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» Զանգակ 9
9 0 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 9
10 -6 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» DirectMEDIA 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]