Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ԱՄՆ ՄԶԳ-ն վստահելի գործընկեր է. ՀՀ վարչապետը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության  25-ամյակի միջոցառմանը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը:

Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք.

90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված  երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին: 90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝  հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար: Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա:

Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:

Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին:

Հարգելի գործընկերներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք:

Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով: Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ: 

Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին:

Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն: Շնորհակալություն»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ