Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Դեսպան Թումանյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում հարաբերությունները


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով․«Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստան-Իրան հարաբերությունները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները:

Դեսպան Թումանյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն աճել է Իրանից Հայաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը: Դեսպանն անդրադարձավ ոլորտի առաջիկա ծրագրերին՝ առաջարկելով ակտիվացնել երկու կողմերի զբոսաշրջային կառույցների համագործակցությունը և ավելի մեծ ուշադրություն դարձնել ենթակառույցների գործունեության բարելավմանը ու ցանցային գործունեության ընդլայնմանը:

Կողմերն ընդգծեցին պատմական և մշակութային հուշարձանների պահպանության և այդ գործում երկու երկրների մասնագետների առավել ակտիվ ներգրավման և միջազգային համապատասխան կառույցների հետ սերտ աշխատանքի կազմակերպման կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ՀՀ մշակույթի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունների հովանավորությամբ կազմակերպված «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի պատմության ու Իրանի ազգային թանգարանների միջև համագործակցության և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից կատարված նախապատրաստական մեծ ծավալի աշխատանքների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նաև հայ-իրանական մշակութային հարաբերությունների, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների և մասնագիտական կառույցների համակարգված աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:
 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ